Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարվել է Հայաստանի նախագահ


Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը կիրակի օրը հրապարակել է փետրվարի 19-֊ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց` Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է ընտրատեղամասեր եկած ընտրողների 52,82 տոկոսը:

Ըստ ԿԸՀ-ի արձանագրության, փետրվարի 19-ի քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 671 հազար 027 ընտրողներ: Առաջին չորս տեղերը գրաված թեկնածուների միջեւ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ` Սերժ սարգսյան` 862 հազար 369, Լեւոն Տեր-Պետրոսյան` 351 հազար 222, Արթուր Բաղդասարյան` 272 հազար 427, Վահան Հովհաննիսյան` 100 հազար 966:

Հանձնաժողովի արտահերթ նիստին մասնակցում էին 8 անդամներից 6-ը. ներկա չէին խորհրդարանի «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների կողմից ներկայացված անդամները:

Արձանագրությունը ստորագրեցին նիստին ներկա բոլոր 6 անդամները: Հանձնաժողովում Դաշնակցությունը ներկայացնող Համլետ Աբրահամյանը հատուկ կարծիք ներկայացրեց` հայտարարելով. - «Իմ կողմից ներկայացված հատուկ կարծիքում նշված խախտումները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգում դեռեւս 1995 թվականից արմատավորված եւ մինչ օրս շարունակվող ընտրակաշառքները, տարբեր տեսակի բռնությունները եւ թերությունները ինձ բերել են այն համոզման, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող ընտրական համակարգը լրջագույն եւ արմատական բարեփոխումների կարիք ունի»:

Նիստից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, իր կարծիքով, նախորդ ընտրությունների համեմատ խախտումներն ու կեղծիքները ի՞նչ տոկոս էին կազմում, Աբրահամյանը հայտարարեց. - «Ես չեմ կարող ասել, բայց, փաստորեն, 151 տեղամասից, որ բողոքարկվել էր, բացվել է 135 տեղամասը, եւ տարբերությունը, առավելագույնը, որ պակասեցվել է` 715 ձայն Սերժ Սարգսյանից, 200` մի քանիսից, 50` մի քանիսից, այսինքն, թվեր են, որ չեն կարող ազդել արդյունքների վրա»:

Ընդդիմությունը շարունակում է վիճարկել նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG