Մատչելիության հղումներ

Մյասնիկ Մալխասյան. «Երկրապահների 98 տոկոսը այսօր այստեղ ձեզ հետ է»


Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարեց, որ երկրապահները «ժողովրդի հետ են»:

«Երկրապահների գրեթե 98 տոկոսը այսօր այստեղ՝ ձեզ հետ են կանգնած»,֊ - հավաստիացրեց Մյասնիկ Մալխասյանը:

Նա հաստատեց, որ «Երկրապահ կամավորականների միության որոշ անդամներ դուրս են եկել միությունից, բայց ոգով երկրապահների հետ են»:

«Նրանց պարտադրել են ստորագրել մի փաստաթուղթ, որը նրանք նույնիսկ չեն կարդացել»,֊ - պնդեց Մյասնիկ Մալխասյանը:

Այսօր Երկրապահ կամավորականների միության մի շարք անդամներ հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. - «2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության որոշ անդամներ` խախտելով ԵԿՄ-ի կանոնադրությունը, առանց վարչության համապատասխան որոշման, սկսել են զբաղվել երկրապահին ոչ վայել գործունեությամբ, որն անընդունելի է եւ վարկաբեկում է միության նշանակությունն ու հեղինակությունը, խոչընդոտում է մեր նորանկախ պետության հետագա ամրապնդման եւ զարգացման գործընթացը: Նրանք օգտագործվում են անազնիվ քաղաքական նպատակներով, իսկ ԵԿՄ֊-ի ղեկավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում այդ ամենը կանխելու ուղղությամբ: Այդ իսկ պատճառով` գնահատելով եւ արժեւորելով երկրապահի դերն ու նշանակությունը, մեր զոհված ազատամարտիկ ընկերների բարի անունն ու հիշատակը, ինչպես նաեւ առաջնորդվելով Հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի մեծ զգացումով եւ մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու հաստատուն որոշմամբ, դադարեցնում ենք մեր անդամակցությունը կազմակերպությանը»:

Հայտարարության տակ ստորագրել են 15 բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը հայտարարությունը չի ստորագրել եւ մինչ օրս որեւէ հրապարակավ հայտարարությամբ հանդես չի եկել:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Սեյրան Շահսուվարյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ փոխնախարար Մանվել Գրիգորյանը ներկայանում է աշխատանքի:

Ռուզաննա Ստեփանյան, Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG