Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի կողմնակիցների հանրահավաք` Վանաձորում


Այսօր Սերժ Սարգսյանի կողմնակիցների հանրահավաք է կայացել Վանաձորում:

Հանրահավաքին մասնակցեցին Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Հայաստանի սոցիալական ապահովության հիմնադրամի տնօրեն Վազգեն Խաչիկյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Լոռու մարզի համայնքների ղեկավարներ:

Կազմակերպիչների գնահատմամբ` հանրահավաքին մասնակցել է մոտ 4 հազար մարդ, իսկ ընդդիմադիրների հաշվարկներով` կիսով չափ պակաս:

Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն ասաց, որ դեռ փետրվարի 21-ից, երբ Երեւանի Ազատության հրապարակում սկսվեցին ընդդիմության հանրահավաքները, Վանաձորում մտածում էին այսպիսի նախաձեռնության մասին:

«Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանին սատարող կազմակերպությունների, առանձին քաղաքացիների նախաձեռնության արդյունք է», - նշեց մարզպետը:

Վանաձորի իրավապաշտպան կազմակերպություններում ու Հայաստանի նախագահի այլ թեկնածուների նախընտրական շտաբներում վստահեցնում էին, թե ահազանգեր ունեն, ըստ որոնց` դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցներին հարկադրում են այսօր ներկա լինել հանրահավաքին: Մարզպետը, սակայն, պնդեց, որ նրանց պարզապես տեղեկացրել են հանրահավաքի մասին ու առաջարկել գալ, տեր կանգնել իրենց ձայներին. - «Այն պիտի լինի ինքնաբուխ»:

Երեկ երեկոյան Վանաձորի տեղական հեռուստաալիքներով Հանրապետական կուսակցության անունից հայտարարություն էր եթեր հեռարձակվում, որտեղ Սերժ Սարգսյանի ընտրողներին հրավիրում էին այսօրվա հանրահավաքին:


Կարինե Սիմոնյան, Վանաձոր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG