Մատչելիության հղումներ

Սմբատ Այվազյանը բերման է ենթարկվել, Արամ Կարապետյանը ձերբակալվել է


Այսօր ոստիկանություն բերման է ենթարկվել Հայաստանի պետեկամուտների նախկին նախարար, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակից Սմբատ Այվազյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության փոխանցմամբ` ժամը 11:00-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Տերյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկում կայանված սեւ գույնի «Լեքսուս» մակնիշի 03ՏՍ003 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղեւորները զինված են:

Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել ավտոմեքենան եւ մեքենայի մեջ գտնվող անձանց` պետեկամուտների նախկին նախարար, 49-ամյա Սմբատ Այվազյանին, նախկինում դատված 34-ամյա Արտակ Սիսակյանին եւ 47-ամյա Վարդան Կիրակոսյանին:

Անձնական խուզարկությամբ Սմբատ Այվազյանի մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է նիկելապատ զսպանակով մեկ մահակ, ավտոմեքենայի սրահից` «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ` պահունակով եւ 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով:

Հանգամանքները պարզվում են:

Հետաքննությունը վարում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը:

Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից էլ հայտնում են, որ այսօր ժամը 15:30-ի սահմաններում Էրեբունի փողոցում, ականատեսների վկայությամբ` Ազգային անվտանգության նախարարության պետհամարանիշներ կրող մեքենաներով մի խումբ դիմակավոր անձինք «առեւանգել» են «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին եւ նրան ուղեկցող անձանց ու տարել անհայտ ուղղությամբ: Նույն աղբյուրի վկայությամբ` «առեւանգման» ընթացքում դիմակավոր անձինք մահակներով ծեծի են ենթարկել Արամ Կարապետյանի թիկնապահներին:

Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայության մամլո քարտուղար Արծվին Բաղրամյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Արամ Կարապետյանը ձերբակալված է: Միաժամանակ, նա ձեռնպահ մնաց այլ մանրամասներ հայտնելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG