Մատչելիության հղումներ

Թիվ 5/21 ընտրատեղամասի արդյունքների վերահաշվարկը դադարեցվեց


Այսօր խոչընդոտներ հարուցվեցին թիվ 5/21 ընտրատեղամասի արդյունքների վերահաշվարկի ժամանակ:

Ընտրատարածքային հանձնաժողովում տեղի ունեցած վերհաշվարկին ներկա էին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ջոզեֆ Փենինգթոնը, ԵԱՀԿ-ի դիտորդը, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք, ինչպես նաեւ ընտրատարածքային հանձնաժողովում «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները ներկայացնող անդամները, «Ժառանգություն»-ից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադեւոսյանը:

Երբ բացվեց քվեաթերթիկների պարկը, վերահաշվարկին սկսեցին խոչընդոտել ներս մտած մոտ երկու տասնյակ երիտասարդներ, որոնք ներկայացան որպես Մաշտոցի քննչական բաժնի աշխատակիցներ: Տվյալ բաժնի պետի տեղակալ Ավետիսյանը հրահանգեց դադարեցնել վերահաշվարկը մինչեւ դատախազության ներկայացուցչի ժամանելը:

Ի վերջո, ժամանեցին Մաշտոցի քննչական բաժնի քննիչներ, Հայաստանի վարչապետի օգնական Լեւոն Մարտիրոսյանը, Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության անդամներ Արտաշես Ավոյանը եւ Հովհաննես Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ինչից հետո սենյակից դուրս հրավիրվեցին լրագրողները, եւ դուռը փակվեց:

Իրավապահները հայտնեցին, որ ահազանգը ստացել էին անհայտ քաղաքացուց: Հենց ընտրատարածքային հանձնաժողովի զբաղեցրած սենյակի կից սենյակում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյոմ Ծատուրյանը հայտարարություն տվեց այն մասին, որ պարկը բացել է ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, ինչի իրավունքը չուներ:

Դեպքի վայրում զննություն կատարելուց հետո արձանագրություն կազմվեց, պարկը կապարակնքվեց եւ տեղափոխվեց քննչական բաժին:

Նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար, քանզի Թադեւոսյանը իրավունք չուներ բացելու պարկը:

Այդ ընթացքում բռնություն կիրառվեց մի շարք լրատվամիջոցների թղթակիցների նկատմամբ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG