Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Արատավոր համակարգը ստեղծողները անհաշտ պայքար են հայտարարել դրանից օգտվողների դեմ»


«Այն հակաժողովրդական համակարգը, որի հիմքը դրվել է 1995 թվականից, հերթական անգամ անցկացրեց ընտրությունները` մեզ արդեն ծանոթ բազմաթիվ խախտումներով», - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանը:

Նրա համոզմամբ` «այժմ այդ արատավոր համակարգը ստեղծողները անհաշտ պայքար են հայտարարել այդ համակարգից օգտվողների դեմ, որի մեջ ներքաշվում են բազմաթիվ ազնիվ մարդիկ, ովքեր անկեղծորեն կարծում են, որ դա պայքար է երկրի ապագայի համար»: Իրականում, ըստ Մանուկյանի, «կազմակերպիչների համար դա պայքար է ատելության ալիքի վրա ամեն գնով իշխանության հասնելու», որից «օգուտ չի ստանա ո’չ մեր պետությունը, ո’չ մեր ժողովուրդը»:

Թեկնածուն շնորհակալություն է հայտնում իր ընտրողներին եւ համախոհներին, որոնց թիվը, նրա համոզմամբ, անհամեմատ ավելի է, քան ներկայացվող պաշտոնական տվյալները. - «Դա մեր հասարակության այն անկաշառ, սկզբունքային եւ մեզ գաղափարակից հատվածն է, այն հուսալի սերուցքը, որի վրա հնարավոր է կառուցել մեր երկրի ապագան»:

Վազգեն Մանուկյանը նաեւ կոչ է անում «ազատության, արդարության ձգտող բոլոր մարդկանց չհուսահատվել ընտրությունների արդյունքից` կրկին անգամ ականատես լինելով կեղծիքներին», եւ վստահեցնում. -«Մեր պայքարը դեռ առջեւում է, եւ մենք լի ենք վճռականությամբ` վերափոխելու հասարակության գիտակցությունը դեպի իրական ազգային եւ համամարդկային արժեքներ, որի դեպքում է միայն հնարավոր կառուցել նոր Հայաստան` հիմնված ազգային ժողովրդավարական սկզբունքների վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG