Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-֊Պետրոսյան. «Պաշտպանության երկու փոխնախարարները հայտարարել են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին պաշտպանելու մասին»


Նախագահության թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի վկայությամբ՝ Հայաստանի պաշտպանության երկու փոխնախարարները՝ գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը հայտարարել են «ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին» պաշտպանելու մասին:

«Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, թե կանգնած են ժողովրդի կողքին եւ պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին»,֊ - ասել է Լեւոն Տեր-֊Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում:

Նա չի մանրամասնել, թե ով է «ժողովրդի վստահությանն արժանացած» թեկնածուն:

«Նրանք հայտարարել են նաեւ, որ թույլ չեն տա, որ բանակը խառնվի քաղաքականությանը եւ գործադրվի սեփական ժողովրդի դեմ»,֊ - հայտնել է Տեր֊-Պետրոսյանը:

Նրա վկայությամբ՝ բանակցություններ են վարվում ժողովրդի կողմը ներկայացնող երկու փոխնախարարների եւ իշխանությունների կողմը ներկայացնող Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի միջեւ:

Լեւոն Տեր֊-Պետրոսյանը չի հայտնել, թե ո՞վ է լիազորել երկու գեներալներին ներկայացնել ժողովրդին եւ թե կոնկրետ ինչի՞ շուրջ են ընթանում բանակցությունները:

Նա վստահություն է հայտնել, որ բանակի ողջ հրամանատարությունը կմիանա երկու փոխնախարարներին:

Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդումները, թե պաշտպանության երկու փոխնախարարները միացել են «համաժողովրդական շարժմանը»:

«Ես արդեն պաշտոնապես հայտարարել եւ հերքել եմ այն լուրը, որ փոխնախարարները միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանին», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է պաշտպանության նախարարության խոսնակ Սեյրան Շահսուվարյանը:

Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով պաշտպանության նախարարության խոսնակի հայտարարությունը` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ասաց. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ բան հենց այնպես, առանց հիմնավորման սեպտեմբերի 21-ից սկսած առ այսօր չի ասել, որովհետեւ բոլոր գործընթացներին ես տեղյակ եմ եղել, ներկա եմ եղել, եւ նման բան չի կարող լինել ուղղակի: Խնդիրը պաշտպանության նախարարությանն է` թող իրենք իրենց մեջ պարզեն: Բայց մի բանում վստահ եմ` Մանվել Գրիգորյանը եթե ասել է, ուրեմն` ինքը իր ասածից երբեք չի հրաժարվի. սրանում հաստատ համոզված եմ»:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG