Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանով. «Այս ընտրությունները կլինեն լավագույնը մեր նորագույն պատմության մեջ»


Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում չորեքշաբթի օրը համոզմունք հայտնեց, թե երեկ կայացած նախագահական ընտրությունները կլինեն լավագույնը Հայաստանի նորագույն պատմության մեջ:

«Մեզ համար գերխնդիր է լեգիտիմ, ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Ես համոզված եմ, որ այս ընտրությունները կլինեն ամենալավագույնը մեր նորագույն պատմության մեջ», - ասաց Շարմազանովը:

Հարցին, թե ինչո՞ւ են բազմաթիվ ոստիկաններ հավաքված ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտ` եթե կուսակցությունը գտնում է, որ լավ ընտրություններ են անցկացվել ու հասարակությունը համամիտ է դրան, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. - «Բնականաբար, իրավապահ մարմինները պետք է իրականացնեն օրենքով տրված իրենց գործառույթը... Պետության ինստիտուտները, իրավապահ մարմինները պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինեն իրականացնել իրենց վրա դրված գործառույթները: Ի վերջո, նրանք դրա համար ստանում են պետբյուջեից աշխատավարձ», - ասաց նա: - «Ես կարծում եմ, որ եթե [ընդդիմադիր թեկնածուների կողմնակիցների] ցույցերը, միտինգները լինեն մեր Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, ապա որեւէ խնդիր չկա»:

«Եթե ժողովուրդը որոշել է, որ այս պահին հաղթել է պարոն Սերժ Սարգսյանը, պետք է կամք ունենան [պարտված թեկնածուները] եւ շնորհավորեն ընտրված նախագահին: Եթե մենք լինեինք իրենց կարգավիճակում, ապա ե’ւ մեր թեկնածուն, ե’ւ մենք, բնականաբար, կշնորհավորեինք լեգիտիմ ընտրված նախագահին», - եզրափակեց Շարմազանովը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG