Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր֊-Պետրոսյան. «Մենք ունենք գործողությունների հստակ ծրագիր»


Նախագահության թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը, որը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր հրապարակած տվյալների, պարտվել է երեկ կայացած նախագահական ընտրություններում, այսօր Մատենադարանի մոտ կայացած բազմամարդ հանրահավաքում հայտարարել է, թե իր թիմը գործողությունների հստակ ծրագիր ունի:

«Բիրտ ուժը բռնություն է գործադրել մեր ժողովրդի կամքի վրա: Չնայած իշխանությունների եւ քրեական աշխարհի գործադրած բոլոր ջանքերին, երեկոյան ժամը 8-ին ժողովրդի թեկնածուն արդեն հաղթել էր», - ասաց Տեր-Պետրոսյանը` որպես հիմնական ընտրախախտում առանձնացնելով հավելյալ քվեաթերթիկների տպագրությունը: - «Առաջին ամենաանօրինական, ամենահանցագործ խնդիրը լուծեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` ժամը 8-ին արդեն հրապարակելով, որ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 640 հազար մարդ: Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք` Հայաստանի ռեալ ընտրողների թիվը 1 միլիոն 700 հազար է, եւ ընտրություններին իրականում մասնակցել է 1 միլիոն 100 հազար մարդ: Մնացածը` այդ 500 հազարը, այն էր, որի մասին մենք մշտապես ահազանգել ենք: Իշխանությունները սկզբից եւեթ տպագրել են 500 հազար հավելյալ քվեաթերթին»:

«Իշխանության եւ քրեական աշխարհի այսպիսի սերտաճում, ինչ որ մենք տեսանք երեկ, երեւի աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի», - հայտարարեց նա:

«Ոչ մի բիրտ ուժ չի կարող մեզ խանգարել այս երկրում հասնել օրենքի վերջնական իշխանության: Մենք ունենք գործողությունների հստակ ծրագիր: Թող Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որոնք այժմ իրենց առանձնասենյակներում հետեւում են այս հանրահավաքին, չկասկածեն, որ մենք մեր հստակ ծրագրով հասնելու ենք լիակատար հաղթանակի»,֊ - հանրահավաքի մասնակիցներին դիմելով` ասել է Տեր-Պետրոսյանը:

«Եվ թող չմտածեն, որ մեզ կարող են հանել հավասարակշռությունից: Մենք լինելու ենք շատ զուսպ, հանդարտ, վստահ, առանց կասկածելու մեր վերջնական հաղթանակի մեջ: Այս անգամ մենք չենք ընկրկելու եւ հասնելու ենք այն բանին, որ լիարժեք տոնենք մեր հաղթանակը՝ ես նկատի ունեմ 1998-֊ի, 2003֊-ի եւ 2008֊-ի հաղթանակները»,֊ - եզրափակել է Լեւոն Տեր֊-Պետրոսյանը:

Նա չի մանրամասնել, թե ինչ գործողությունների է պատրաստվում դիմել իր թիմը առաջիկայում:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG