Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել ընտրությունների կապակցությամբ


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախագահական ընտրությունների կապակցությամբ ուղերձ է հղել հանրապետության քաղաքացիներին:

Նախագահի մամլո գրասենյակից տրամադրված ուղերձում, մասնավորապես, ասված է. - «2008 թվականի փետրվարի 19-ին կայացան Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունները: Ընտրություններն անցան ազատ եւ արդար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների ոգուն համահունչ»:

Նախագահը շնորհակալություն է հայտնում ընտրողներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց, դիտորդներին` ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար, հավելելով. - «Դա կարեւոր մի փորձություն էր մեր պետության ամրացող ժողովրդավարության համար»:

«Ընտրությունները միշտ քաղաքական հակասությունների կիզակետ են եւ կարող են հանգեցնել լարման աստիճանի բարձրացման, հասարակության պառակտվածության: Սակայն քաղաքական պայքարում արժանապատիվ պարտություն կրելը եւս ժողովրդավարական մշակույթի կարեւոր բաղադրիչ է», - ասված է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում: - «Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանը կարողանալու է համախմբել հասարակությունը, ձեւավորել փոխըմբռնման եւ հանդուրժողականության մթնոլորտ»:

«Չնայած առկա լուրջ ձեռքբերումներին՝ Հայաստանի Հանրապետության առջեւ դեռեւս ծառացած են բազմաթիվ լուրջ մարտահրավերներ: Մեր ժողովուրդն ունի դեռեւս լիարժեք չօգտագործված մեծ ներուժ: Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա աշխարհի ամենամրցունակ եւ արագ զարգացող պետություններից մեկը: Դրա համար անհրաժեշտ է համախմբվածություն եւ հետեւողական աշխատանք», - իր ուղերձում գրել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG