Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանի գրասենյակը սկսում է ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթաց


Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը այսօր հայտարարել է փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքների վերանայման եւ բողոքարկման գործընթաց սկսելու մասին:

«Փետրվարի 19-ի քվեարկությունը արձանագրեց բազմաթիվ ընտրակեղծիքներ եւ ընտրախախտումներ, ավելին, ընտրական գործընթացը ուղեկցվեց ընտրական հանձնաժողովների անդամների եւ վստահված անձանց ահաբեկման, շանտաժի եւ ծեծի ենթարկելու բազմաթիվ օրինակներով, ինչը կանխելու մասին մենք դեռեւս օրվա երկրորդ կեսին հանդես եկանք հայտարարությամբ», - ասված է թեկնածուի գրասենյակի հայտարարությունում: - «Բազմաթիվ ընտրական տեղամասերում զանգվածային լցոնումների, ընտրակաշառքների համատարած բաժանման, բաց եւ կրկնակի քվեարկությունների եւ «Օրինաց երկիր» կուսակցությունից հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գրավոր բողոքների գրանցելուց զանգվածային հրաժարվելու, բազմաթիվ տեղամասերում ձայների հաշվման ընթացքում կատարված կեղծիքները կասկածի տակ են դնում ընտրությունների ազատությունը, օրինականությունը եւ արդարությունը»:

Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը պահանջում է անվավեր ճանաչել ավելի քան 100 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, կատարել ձայների վերահաշվարկ ավելի քան 200 ընտրական տեղամասերում, որի արդյունքում, ինչպես համոզված է, «էականորեն բարձրանալու են մեր թեկնածուի ձայները, ինչը իր հերթին էական ազդեցություն կունենա ընտրությունների վերջնական արդյունքների վրա»:


Թեկնածուի նախընտրական գրասենյակը իշխանություններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել` չխոչընդոտելու համար օրենքով սահմանված կարգով քվեարկության արդյունքների վերանայումը, եւ ընդգծում է, որ «Սահմանադրության եւ օրենքների խախտմամբ մինչեւ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը քվեարկության իրական պատկերի վերհանմանը խոչընդոտելու եւ աղավաղելու փորձերը հղի են հասարակական առճակատման վտանգով»:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG