Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյանը պնդում է, որ Տեր-Պետրոսյանը հաղթել է


Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը լրագրողների հետ հանդիպմանը պնդեց, որ այսօր ընտրողների ճնշող մեծամասնությունը քվեարկել է իրենց թեկնածուի օգտին:

«Ստացվող տվյալները ապացուցում են, որ եղել շատ բարձր մասնակցություն եւ մասնակիցների ճնշող մեծամասնությունը իրենց ձայնը տվել են Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին», - ասաց Արզումանյանը: - «Իշխանությունները անելու են ամեն ինչ, որպեսզի կարողանան կեղծել, փոխել, նկարել, բայց, վստահ եմ, որ այս անգամ հասարակությունը գիտի ում է ձայն տվել, գիտի իր ձայնի արժեքը, գիտի այդ ձայնի կարեւորությունը եւ թույլ չի տալու, որ որեւէ մեկը իր տված քվեն իրենից գողանա հերթական անգամ»:

«Ես ուզում եմ շնորհավորել հասարակությանը այս հաղթանակի համար, որովհետեւ սա մեր հասարակության հաղթանակն է», - եզրափակեց Արզումանյանը:

Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը արդեն կեսգիշերից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանում «փորձ է արվում իրականացնել կրիմինալ հեղաշրջում»:

«Որովհետեւ այսօր Սերժ Սարգսյանը հստակ հենվում է կրիմինալի վրա, եւ ընտրական ողջ պրոցեսը կազմակերպվել է կրիմինալի միջոցով», - փաստարկեց նա:

Փաշինյանի պնդմամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները ընտրողների մասնակցության վերաբերյալ (1 միլիոն 642 հազար) «500 հազարով չափազանցված են»:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG