Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել Արման Մելիքյանի վստահված անձը


Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գնտվող 8/21 ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել նախագահի թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձ Պարգեւ Մնացականյանը:

«Ազատություն» ռադիոկայանին Մնացականյանը ասաց, որ փորձել եւ կարողացել է կանխել «կարուսելը», ինչից մոտ 5 րոպե անց շուրջ երեք տասնյակ թիկնեղ երիտասարդներ մտել են ընտրատեղամաս եւ դաժան ծեծի ենթարկել իրեն:

«Փորձել եմ կանխել կարուսել, ինչի արդյունքում ենթարկվեցի դաժան ծեծի: Ընտրաբյուլետենները առգրավված են, տվյալ անձնավորությունը իր անձնագրով պարզ է ով է: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից տղաները եկել-տարել են բյուլետենները», - «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում պատմեց Մնացականյանը: - «Հիմա ես ծանր վիճակում եմ: Բերել են շտապօգնությունով հիվանդանոց: Հիմա գտնվում եմ հետազոտության մեջ: Ես մենակ կարողացել եմ կանխել դա... Ուզեցել ենք արդար, մաքուր ընտրություն լինի մեր երկրում, բայց պարզվում է, որ դեռ մենք վաղ ենք այդ երկիրը դառնալու համար»:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Վահագն Խաչատրյանը միջադեպի կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այդ համայնքում բոլոր գործողությունները` «ինչ-որ կապված է ծեծի հետ, ինչ-որ կապված է օրենքի խախտման հետ, կատարում է մի մարդ` Սամվել Ալեքսանյան` Լֆիկ Սամվել»:

«Առավոտյան, եթե այստեղ լինեիք, կտեսնեիք երթուղային տաքսիների շքերթ, հարյուրից ավելի երթուղային տաքսիներ: Կաշառքը բացվում է մեր կողքին գտնվող Հանրապետական շտաբից: Մարդկանց ուղղակի 4-5 հոգով տեղավորում էին մեքենաների մեջ եւ տանում էին ընտրատարածք, որպեսզի քվեարկություն կատարեն», - շարունակեց նա: - «Այսօր արդեն կարելի է ասել, որ Մալաթիա-Սեբաստիայում գտնվող 54 ընտրատարածքում, որտեղ քվեարկում է մոտ 100 հազար մարդ, ընտրությունները պիտի չեղյալ հայտարարվեն»:

Խաչատրյանի պնդմամբ, հիմնական խախտումը «կարուսելն» է. - «Հիմա մնում է մարդկանց կարուսելը բռնենք. այսինքն` մարդիկ, որոնք տարբեր անձնագրերով քվեարկում են: Մենք տեղեկություն ունենք, որ Աջափնյակի բնակիչները եկել քվեարկել են, ուրիշ բնակավայրերից էլի եկել են այդ նույն մեքենաներով, որոնք պատկանում են Սամվել Ալեքսանյան կոչված պատգամավորին... Ու այս կռվողները բոլորը իր մարդիկ են: Ու, ցավոք սրտի, դրան մասնակից է ոստիկանությունը, որը կոչված է այդ կռիվը կամ իրար խփելը դադարեցնել, ընդհակառակը` մի կողմ կանգնած, նայում է, թե ինչ է կատարվում»:

Նույն համայնքի 8/08 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Միքայել Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Այստեղ ե’ւ լցոնման դեպքեր կային, ե’ւ կային մնացած բոլոր խախտումները` քվեաթերթիկների լցոնում, կրկնակի քվեարկություններ, մնացած բոլորը, որ արդեն հիմա չեմ էլ ուզում ասել»:

Նույն ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչ Լուսինե Վարդանյանը հավելեց. - «Արդեն առավոտյան 6-7 հատ կրկնակի քվեարկած անձնագրեր ենք ֆիքսել, բայց հանձնաժողովի նախագահը միանգամից վերցրել է, ու ո’չ տվյալներ կան, ո’չ, ասենք, անունները, ո’չ էլ հասցեներն է ճշտված, թե ովքեր էին մասնակցում կրկնակի քվեարկության: Տեղամասում շատ կան անձինք, որոնք իրավունք չունեն գտնվելու»:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի զրույցը Լուսինե Վարդանյանի հետ ընդհատեց 8/08 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գրիգորյանը: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին նա ասաց, որ արգելում է ձայնագրություն կատարել, եւ պահանջեց դուրս գալ ընտրատեղամասից:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG