Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խոսնակ. «Ընտրությունների հաջորդ օրը բավական ամբողջական պատկեր կունենանք»


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) խոսնակ Յենս-Հագեն Էշենբախերը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ կարծիք հայտնեց, որ իրենց դիտորդական առաքելությունը «բավական ամբողջական պատկեր» կունենա ընտրությունների հաջորդ օրը:

«Ես կարծում եմ, որ բավական ամբողջական պատկեր կունենանք ընտրությունների հաջորդ օրը», - ասաց Էշենբախերը: - «Մենք մեծ առաքելություն ունենք, ուստի հնարավորություն կունենանք այցելելու տեղամասերի մեծ մասը: Մենք եղել ենք երկրում նաեւ ընտրական գործընթացի տարբեր տարրերին հետեւելու համար շաբաթներ շարունակ: Ես կարծում եմ, որ մեր նախնական եզրակացությունը հրապարակելու ժամանակ մենք կունենանք բավական հստակ պատկեր ընտրությունների օրվա մասին»:

Նա փոխանցեց, որ թվով մոտ 400-ի հասնող իրենց դիտորդները (ներառյալ` ավելի քան 40 երկրների խորհրդարանականներ) արդեն տեղակայվում են Հայաստանի տարբեր շրջաններում: Ամեն խումբը, որ սովորաբար բաղկացած է լինում երկու դիտորդից, կայցելի մոտ 10 ընտրատեղամաս:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը, ըստ Էշենբախերի, Հայաստանի տարածքը բաժանել է 14 մասի, որտեղ արդեն մի քանի շաբաթ աշխատել են երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամները, եւ նրանք են կազմակերպել կարճաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը:

«Ճշմարիտ է, որ սովորաբար ավելի շատ դիտորդներ մայրաքաղաքում են լինում, քան հեռավոր շրջաններում», - ասաց նա` շարունակելով. - «Բայց երկիրը 14 շրջանների բաժանելու շնորհիվ, ինչպես նաեւ այն բանի շնորհիվ, որ առաքելությունը բավական մեծաթիվ է` 400-ի մոտ, կունենանք մոտ 160 թիմ, որոնք կծածկեն, հավանաբար 1900 տեղամասերից 1500-1600-ը»:

Ի պատասխան հարցին, թե որքան ժամանակ են դիտորդները անցկացնելու ընտրական տեղամասերում, Էշենբախերը ասաց, թե իրենք չեն բացահայտում իրենց ժամանակացույցը. - «Դիտորդները ժամանում են ընտրատեղամաս առանց տեղեկացնելու: Նախօրոք չի իմացվելու, թե որ ընտրատեղամաս են այցելելու եւ որ ժամին են գալու»:

Առաքելության նախնական եզրակացությունը հրապարակելու է չորեքշաբթի օրը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խոսնակը հիշեցրեց, որ դա լինելու նախնական եզրակացություն, որ ընտրական գործընթացն այդ օրը չի ավարտվում, ու դիտորդները շարունակելու են հետեւել արդյունքների ամփոփմանը, բողոքներին ընթացք տալուն, այլ գործընթացներին:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG