Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ» թերթի մեկնաբանը, փոխանցելով ավարտվող քարոզարշավից ստացած տպավորությունները, գնահատել է. - «Քարոզարշավի որակն ու թեկնածուների՝ միմյանց հասցեին հնչեցրած որակումները շատերին անասելի դժվար կացության մեջ են դրել»։ «Ընտրողներն իշխանություններից մեծ ակնկալիքներ երբեւէ չեն ունեցել. 1996 թվականից այս կողմ մեթոդները նույնն են՝ վարչական լծակներ, ընտրակաշառք, ձայների կեղծում։ Ակնկալիքներն, ինչպես միշտ, ընդդիմության դաշտից էին»,- պնդել է մեկնաբանն ու հասցեագրել. - «Սակայն անսպասելի էր այն, ինչ կատարվեց ընդդիմության դաշտում։ Ընդդիմության էներգիան ուղղվեց միմյանց բարոյապես ոչնչացնելու վրա։ Ընդ որում, դա արվեց գիտակցված սառնասրտությամբ»։

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, ամփոփելով նախընտրական քարոզարշավի նախնական արդյունքները, պնդել է. - «Այն բառապաշարը, որը գործածեց Տեր-Պետրոսյանը քարոզարշավի ընթացքում, ռուսական հայտնի՝ «ինչպիսի ողջույն, այնպիսի պատասխան» սկզբունքով, օրինաչափորեն ծնունդ տվեց նրա հանդիպումներում տեղ գտած ընդհարումներին, ծեծկռտուքներին եւ այլ բռնարարքներին»։ «Բայց եթե անտեսենք ներքաղաքական իրավիճակը սրելու ուղղությամբ Տեր-Պետրոսյանի ու նրա կողմնակիցների գործադրած ջանքերի հետեւանքով առաջ եկած հայտնի միջադեպերը, ապա կարելի է հաստատագրել, որ այս անգամ, փաստորեն, ամեն ինչ արվել էր քարոզարշավը ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար», - բխեցրել է մեկնաբանը։

«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Երբ ընդդիմությունն է իշխանությանը մեղադրում հոկտեմբերի 27-ի կազմակերպման մեջ, դա գոնե կարելի է հասկանալ. ընդդիմությունը, բացի իր խոսքը հանրահավաքներում եւ լրատվամիջոցներում հնչեցնելուց, որեւէ այլ լծակներ եւ հնարավորություններ չունի։ Երբ հակառակն է տեղի ունենում, դա արդեն հակասում է տրամաբանությանը»: «Որովհետեւ իր ձեռքի տակ ունենալով բոլոր ուժային կառույցներն ու դատական համակարգը՝ իշխանությունը չպիտի գնա քարոզչական մերկացումների ճանապարհով, այլ բացահայտի ու դատի նրանց, ովքեր, իր կարծիքով, հանցագործներ են», - փաստարկել է խմբագիրն ու հավելել. - «Քանի որ իշխանությունը դա չի անում, կարելի է ենթադրել, որ նրան հետաքրքրում է ոչ թե արդարությունն ու օրինականությունը, այլ «թշնամիների» եւ «դավաճանների» զուտ քարոզչական փնտրտուքը»։

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականը, պնդելով, թե Արթուր Բաղդասարյանը «ճշգրտորեն կատարեց այն, ինչ հրապարակայնորեն նրան հրահանգեց Սերժ Սարգսյանը», բխեցրել է. - «Ու հիմա, եթե Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն Արթուր Բաղդասարյանին հրահանգի հանել թեկնածությունը, նա հաստատ կհանի, որովհետեւ եթե դու ընդունում ես, որ հաճախորդ ես, ուրեմն պետք է հաճախես այնքան, մինչեւ կուրսդ ավարտվի։ Բայց Սերժ Սարգսյանին ոչ միայն անհրաժեշտ չէ, որ Արթուր Բաղդասարյանը հանի թեկնածությունը, այլեւ հարկավոր է, որ մնա։ Որովհետեւ Արթուր Բաղդասարյանին տրված ամեն ձայն ավելացնում է Սերժ Սարգսյանի հաղթանակի հնարավորությունը»։ «Արթուր Բաղդասարյանն ինքն էլ գիտի, որ նախագահ ընտրվելու ոչ մի շանս չունի։ Սա նշանակում է, որ նա պայքարը շարունակում է հանուն Սերժ Սարգսյանի», - ամփոփել է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG