Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Դատապարտում եմ շանտաժի լեզվով խոսելը»


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «անընդունելի» համարեց Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Սյունիքում այսօր հնչեցրած դավաճանության ակնարկները:

«Դատապարտում եմ շանտաժի լեզվով խոսելը եւ քաղաքական մրցակիցներին պիտակավորելը», - ասաց Բաղդասարյանը: - «Նույն հաջողությամբ ես կարող եմ ասել` ով ինձ չի միանում, ուրեմն դավաճանություն է անում: Նույն հաջողությամբ ես կարող եմ ասել` ով ինձ չի միանում, ուրեմն Սերժի կամ Ռոբերտի հետ է: Բայց ես դա առայժմ չեմ անում եւ կոչ են անում դադարեցնել նման գործելաոճը»:

«Այսօր «Հայոց Աշխարհ» թերթը նույն հաջողությամբ դատափետում է ինձ, ինչպես որ «Հայկական ժամանակ» թերթը», - շարունակեց Արթուր Բաղդասարյանը: - «Այսինքն ե’ւ Սերժ Սարգսյանը, ե’ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը... Ես չգիտեմ, ուղղակի ինչ-որ խուճապային տրամադրությունների մեջ են նրանց թիմերը»:

Խոսելով միավորման շուրջ բանակցությունների մասին` նախագահի թեկնածուն ասաց. - «Երբեւիցե մենք չենք խոսել, որ Արթուր Բաղդասարյանը կմիանա Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմիանա Արթուր Բաղդասարյանին»:

«Ես կոչ անում Տեր-Պետրոսյանին եւ նրա թիմին` դադարեցնել այդ գործելաոճը, կոչ եմ անում առողջ համագործակցության, առողջ երկխոսության», - եզրափակեց նա:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG