Մատչելիության հղումներ

Դատախազության հաղորդագրության համաձայն` Ջոնիկ Աբրահամյանի որդին չի մասնակցել Արտաշատի հանրահավաքին


Փետրվարի 6-ին Արտաշատում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում խուլիգանությանը Ազգային ժողովի պատգամավոր Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի որդու մասնակցության վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել: Համաձայն գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդագրության` ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ պատգամավորի որդին ընտրողների հետ նշված հանդիպմանը չի մասնակցել:

Ըստ հաղորդագրության` «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի եւ 8-ի համարներում տպագրված լուսանկարներում պատկերված անձինք Արտաշատ քաղաքի բնակիչ Արմեն Միրզոյանը, Արեւշատ գյուղի բնակիչ Գեղամ Հակոբյանը եւ Նորաշեն գյուղի բնակիչ Նորայր Գրիգորյանն են: Վերջիններս հարցաքննվել են քրեական գործով: Նրանց մասնակցությունը կատարված հանցագործությանը ճշտվում է:

Հենրիկ Աբրահամյանը փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար եւ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի եղբայրն է:

«Արմեն Միրզոյանին, որը սեւ ակնոցներ է կրում, ամենայն հավանականությամբ, շփոթել են պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի որդու հետ»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց Սոնա Տռուզյանը: Նրա վկայությամբ՝ լուսանկարում պատկերված չորրորդ անձի ինքնությունը պարզվում է:

Երեքշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք հարցաքննվել է Ջոնիկ Աբրահամյանի որդին, որը հանրահավաքում եղել է եւ նրա լուսանկարն էլ տպագրվել է մամուլում, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատասխանել էր. - «Իրոք, կա նկար, որտեղ պատկերված է Ջոնիկ Աբրահամյանի տղան, որ այնտեղ է գտնվել: Բայց նկարի վրա չի երեւում, որ Ջոնիկ Աբրահամյանի տղան քարեր է նետել կամ որեւէ մեկին հարվածել»:

Պարզաբանելով այս անհամապատասխանությունը` Սոնա Տռուզյանն ասաց,. - «Հենց սկզբից թեկնածուներից մեկի շտաբը պնդեց, թե այդ երիտասարդը Աբրահամյանի որդին է, եւ այդպես էլ բոլորի կողմից ընկալվում էր, մամուլը այդպես էլ ներկայացնում էր: Սակայն հետագայում պազվեց, որ դա Արմեն Միրզոյանն է»:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG