Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության երեկ հայտարարած աջակցությանը՝ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, «Հայկական ժամանակ»-ը դա բնորոշում է որպես հուժկու հարված «ավազակապետական իշխանությանը»: «Իհարկե հիմա էլ իմաստ չունի հարգանքի խոսքեր ասել «Ժառանգության» եւ նրա ղեկավարի հասցեին, որովհետեւ նրանց քայլը ամեն ինչի մասին խոսում է եւ հավելյալ մեկնաբանությունների կարիք չկա», - գրում է «Հայկական Ժամանակ»-ը:

Պնդելով, որ առաջիկա տասնամյակի ընթացքում Ռուսաստանի հետ կապված գլխավոր հարցը, որի պատասխանից է կապված Հայաստանի զարգացումը, շրջափակման վերացումն է, «Առավոտ»-ի խմբագրականը հասցեագրել է. - «Ակնհայտ է, որ այսօրվա դրությամբ նախագահի միակ թեկնածուն, որը բավականաչափ միջազգային հեղինակություն եւ քաղաքական կամք ունի վերացնելու Հայաստանի շրջափակումը, Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Իշխանությունը, ինչպես նաեւ մի շարք ընդդիմադիր թեկնածուներ, այդ վճռականությունը գնահատում են որպես «Հայաստանը Թուրքիայի գիրկը նետելու փորձ» կամ «Ղարաբաղը տանք՝ լավ ապրենք» բանաձեւի կիրառում: Բայց հեծնելով «ազգայնական ձիուկը»՝ 21-րդ դարում շատ առաջ չես գնա։ Եթե, իհարկե, անկեղծորեն ցանկանում ես դառնալ ժամանակակից եվրոպական պետություն»։ «Արդյոք, Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է, որ Հայաստանը դուրս գա շրջափակումից», հարցին խմբագիրը պատասխանել է. - «Ըստ որոշ նշանների՝ ոչ»։

Անդրադառնալով նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին «Ժառանգություն» կուսակցության որոշմանը` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կեցվածքի առնչությամբ, գրել է. - «Տեր-Պետրոսյանը, դատելով ամենից, ավելի լավ գնային «փաթեթ» է առաջարկել, ինչն էլ թերեւս կուսակցապետին օգնել է դուրս գալու երկարատեւ կամուկացի ու դեգերումների արատավոր շրջանից եւ վերջապես իր խոսքն ասելու՝ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակած նախկին նախագահին անվերապահորեն աջակցելու մասին»։ «Լեւոնամետ կեցվածքը, կարծում ենք, որեւէ մեկին չպետք է զարմացնի», - գրել է թերթն ու պատճառաբանել. - «Բանն այն է, որ սա վաղուց է հաղթահարել 90--ականների «բարդույթները» եւ ունի բոլոր շանսերը՝ ոտք մեկնելու Ալիկ Արզումանյանի հետ՝ վիճարկելով նրանից Տեր--Պետրոսյանի ապագա արտգործնախարարի պորտֆելը: Մասնավորապես, օպերատիվ կերպով վերանայել է իր «կոշտ» դիրքորոշումը Ցեղասպանության հարցում»:

«Ժառանգություն» կուսակցության որոշման առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը նկատելով, որ «միավորման կամ միավորումների թեման այդպիսով սպառված համարել չի կարելի», - անդրադարձել է այդ հարցում «Օրինաց երկիր» կուսակցության դիրքորոշմանը. - «ՕԵԿ-ն իբր հանդես է գալիս միավորման ջատագովի դիրքերից եւ այս կապակցությամբ օգտագործում մոտավորապես այսպիսի ձեւակերպում. էական չէ՝ մեզ կմիանան, թե մենք կմիանանք։ Այսինքն՝ ՕԵԿ-ն ակնարկում է, որ ոչ միայն իրենց միավորումն է հնարավոր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, այլեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է միանալ իրենց»։ Թերթը, պնդելով, որ «մտքերի այս ընթացքը աբսուրդային է», փաստարկել է. - «Ոչ այն պատճառով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի «պագոնները կընկնեն» Արթուր Բաղդասարյանին միավորվելով։ Պատճառները այստեղ զուտ քաղաքական են։ Առաջին նախագահին այսօր արդեն աջակցում են թվով 19 կուսակցություններ, նրա թեկնածության շուրջ միավորվել են մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ։ Եվ եթե Արթուր Բաղդասարյանը մտքով անցկացնում է, որ առաջին նախագահը կարող է հօգուտ իրեն հանել իր թեկնածությունը, նշանակում է մտածում է այս հզոր ուժը բզկտելու, քանդելու մասին»։

Հոգեբան Ալբերտ Նալչաջյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցազրույցում պնդելով, որ «հայ ընտրողն ընտրության հարցում պրագմատիկ է», բնորոշել է. - «Հայ ընտրողը հիմնականում տրամաբանորեն մտածող, փաստերը հաշվի առնող ընտրող է։ Եթե նրա առաջ ելույթ ես ունենում, պետք է լինես հնարավորինս գործնական: Եթե հանրահավաքն ինքնաբուխ է, ապա յուրաքանչյուր թեկնածուի մոտ հավաքվում են նրանք, ովքեր այս կամ այն չափով համակրում են նրան։ Շատերը սակայն կարող են գնալ բոլոր թեկնածուների հրավիրած հանրահավաքներին՝ կողմնորոշվելու ակնկալիքով»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG