Մատչելիության հղումներ

«Արգումենտի ի ֆակտի». «Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեդվեդեւի հետ»


Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Մոսկվա կատարած մեկօրյա այցի ընթացքում կարճատեւ զրույց է ունեցել Ռուսաստանի առաջին փոխվարչապետ եւ նախագահի թեկնածու Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այդ մասին հաղորդում է ռուսաստանյան «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը` վկայակոչելով իր «ոչ պաշտոնական աղբյուրները»:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Տեր-Պետրոսյանը Մոսկվայում քաղաքական խորհրդակցություններ է անցկացրել եւ այդ հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր դիրքորոշումը առանցքային հարցերի շուրջ:

Մոսկվայի հայկական ազգային «Միաբանություն» ակումբի ղեկավար Ամբատ Ղարախանյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի մոսկովյան այցը գնահատել է որպես «շատ արդյունավետ եւ կարեւոր»:

Երեկ երեկոյան Տեր-Պետրոսյանը վերադարձել է Երեւան:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին ի պատասխան` Դմիտրի Մեդվեդեւի օգնական Վլադիմիր Անդրիանովը ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել է Տեր-Պետրոսյանի հետ Ռուսաստանի առաջին փոխվարչապետի հանդիպման մասին տեղեկությունը:

Ռուսաստանյան «ՕՌՏ» հեռուստաընկերության մեկնաբան Միխայիլ Լեոնտեւը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ հարցազրույց է վերցրել Լեւոն Տեր-Պետրոսյանից:


Ազա Բաբայան, Մոսկվա

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG