Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը սատարում է Լեւոն Տեր-Պետրոսյանին


Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության վարչությունը երեկ ուշ գիշեր ավարտված նիստում որոշում է կայացրել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Վարչության 9 անդամները քվեարկել են բաց, սակայն արդյունքները չեն հրապարակվում:

Իր ընդունած հայտարարությունում «Ժառանգություն»-ը, մասնավորապես, ընտրողներին հորդորում է անպայման մասնակցել փետրվարի 19-ի ընտրություններին, «տեղի չտալ որեւէ ճնշման եւ չվաճառել սեփական ձայնը, առաջնորդվել երկրի տիրոջ` քաղաքացու վճռորոշ քվեի կեղծումներ եւ հնարավոր այլ ընտրախախտումներ թույլ չտալու, արդար ընտրությունների անցկացումն ապահովելու քաղաքական ու քաղաքացիական հրամայականով, քվեարկության ավարտից հետո օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով վերահսկել արդյունքների արդարացի արձանագրումը եւ հրապարակումը»:

Կուսակցության բոլոր անդամներին ու համակիրներին «Ժառանգություն»-ը կոչ է անում` «պետության եւ ժողովրդի շահերը սպասարկելուն կոչված ապագա նախագահի ընտրություններում ձեր որոշիչ ձայնը տվեք ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին»:

Նախորդ հայտարարությամբ «Ժառանգություն»-ը ընդդիմադիր 4 թեկնածուների միավորվելու կոչ էր արել եւ իր աջակցությունը խոստացել միայն այն դեպքում, եթե նշված չորսից գոնե երկուսը միավորվեն:

Ու թեեւ միավորում տեղի չունեցավ, բայց թեկնածուներից մեկին աջակցելու որոշում, այդուհանդերձ, ընդունվեց:

«Այո, մենք հայտարարել էինք, որ առավել ցանկալին չորս ուժերի միավորումն է, որի դեպքում իշխանափոխությունը Հայաստանում կդառնա անկասելի եւ անվիճելի փաստ», - ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Վարդան Խաչատրյանը: - «Բանակցային գործընթացը չավարտվեց ցանկալի արդյունքներով: Այս քայլը եւս մենք համարում ենք դաշտի առավել ընդգրկուն, հարվածային զանգված ստանալուն միտված քայլ: Բանակցությունները դադարեցված չեն, եւ համարում ենք, որ այս քայլով «Ժառանգություն»-ը կարող է նաեւ խթանել գործընթացը` ձեւավորելու այնպիսի ընդդիմադիր ալիք, որը ի զորու կլինի կատարել այն փոփոխությունները, որոնք մենք համարում ենք անհրաժեշտ Հայաստանում: Այսինքն` բերել երկիրը համակարգային լուրջ փոփոխությունների»:

Հնչեցնելով հիմնական փաստարկը Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու որոշման օգտին` Վարդան Խաչատրյանը ասաց. - «Հասարակության մեջ առավել մեծ արձագանք ստացած թեկնածուն նա է: Դա պարզորոշ երեւում է նաեւ հանրահավաքներից: Այդ փաստարկը ունեցավ լուրջ ազդեցություն վերջնական քվեարկության առումով»:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրության հարցում դեր խաղաղ նաեւ այն հանգամանքը, որ իշխանությունները իրենց քարոզչությամբ նաեւ հուշեցին: Եվ ոչ միայն իրենք իրենց քարոզչությամբ, այլ նաեւ` հաճախորդները», - հավելեց Խուրշուդյանը:

«Հաճախորդներ» բնորոշումը օրերս գործածել էր նաեւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Եղվարդում, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի` ինքնաբացարկներին վերաբերող հարցին, Սերժ Սարգսյանը ասել էր. - «Ես վստահ էի, որ որեւէ մեկը որեւէ մեկին չէր միանալու: Վստահ էի, որ գնալու ենք ընտրությունների 9 թեկնածուով, որովհետեւ, ինչպես ասում են` մենք մեր հաճախորդներին գիտենք»:

Հարցին, թե կուսակցությունը ստանձնո՞ւմ է պատասխանատվություն հետընտրական պրոցեսների համար, «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. - «Հետընտրական գործողությունների համար «Ժառանգության» պատասխանատվությունը կլինի այնքանով, որքանով նա մասնակից կլինի այդ գործողությունների իրականացման որոշումներին»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG