Մատչելիության հղումներ

Նիկոլա Սարկոզիի որդին կդառնա քաղաքապե՞տ


Քաղաքական ասպարեզում առաջին քայլերն է անում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի 22-ամյա որդին՝ Ժանը, ով առաջիկայում մտադիր է պայքարել Նեյի քաղաքի ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին հաղորդում է Le Nouvel Observateur թերթը` նշելով, որ 1983 թվականին Նեյիի քաղաքապետ էր ընտրվել 28-ամյա Նիկոլա Սարկոզին:

Մինչեւ փետրվարի 10-ը Ժան Սարկոզին եւ նրա զինակիցները սատարել են քաղաքապետի թեկնածու Դավիդ Մարտինոնին, սակայն կիրակի օրը նրանք փոխել են իրենց դիրքորոշումը, ինչից հետո Մարտինոնը անմիջապես հանել է իր թեկնածությունը: Թերթի փոխանցմամբ` ավագ Սարկոզին շարունակում է աջակցել Մարտինոնին եւ որդու հնարավոր առաջադրման վերաբերյալ դեռեւս կարծիք չի հայտնում:

«Միություն հանուն ժողովրդական շարժման» իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Դոմինիկ Պայեն ասել է, թե Ժանը տաղանդավոր քաղաքական գործիչ է, ով ունի ապագա կարիերայի համար անհրաժեշտ հրաշալի հատկություններ: Իսկ կուսակցության գլխավոր քարտուղարի՝ ծագումով հայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի համոզմամբ, «Ժանն անկասկած ժառանգել է հոր լավագույն ունակությունները»:

Ինչ վերաբերում է ավագ Սարկոզիին, ապա ամուսնալուծությունն ու նոր ամուսնությունը որոշակի չափով անդրադարձել են նրա վարկանիշի վրա: Փետրվարի 8-9-ը անցկացված հարցախույզի արդյունքները վկայում են նախագահի ժողովրդականության 10 տոկոսով անկման մասին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG