Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյանը արձագանքում է «Ոգու փորձության» հայտարարությանը Տեր-Պետրոսյանին պաշտպանելու մասին


Առաջիկա նախագահական ընտրություններում Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը այսօր անդրադարձավ «Երկրապահ» կամավորականների միությունից (ԵԿՄ) անջատված «Ոգու փորձություն» կազմակերպության հայտարարությանը` նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու մասին:

«Որ ճամբարից ճամբար են վազում, դրանց ինչն է կանչել` հայրենի՞քը, թե՞ ստամոքսը: Դա՞ է երկրապահի կեցվածքը», - Արարատի մարզի Տափերական գյուղում ընտրողների հետ հանդիպմանը ասաց Վահան Հովհաննիսյանը: - «Եթե երկրապահը ազգային է` իսկականից երկրապահը, ոչ թե ասֆալտի ֆիդային, ոնց որ մենք շատերին գիտենք, նրա տեղը Դաշնակցության կողքն է: Ո՞նց ես գնում-կանգնում ՀՀՇ-ի կողքը, որը ասում է` Ղարաբաղի վերաբերյալ իմ հին ծրագրերը չեն փոխվել»:

«Մյուս կողմից` այն ժամանակ այնտեղից ո՞նց փախար այսօրվա իշխանության մոտ: Սա կռվող մարդու կեցվա՞ծք է», - վրդովված շարունակեց նա` հավելելով. - «Ես չեմ հասկանում այդ մարդկանց: Ես գիտեմ, որ իրենց մեջ` երկրապահների մեջ, հսկայական քանակությամբ ազնիվ տղերք կան: Գիտեմ, որ իրենց տեղը մեր կողքին է, եւ այդ միավորումը վաղ թե ուշ տեղի է ունենալու»:

Մարդկանց շրջանում տարածվում են խոսակցություններ, թե ստիպված են լինելու ընտրել իշխանության թեկնածուին: Հակառակ դեպքում կպատժվեն, քանի որ քվեախցերում տեսախցիկներ են տեղադրված եւ քվեարկության ընթացքը նկարահանվում է:

Այս կապակցությամբ Վահան Հովհաննիսյանը, առանց անուններ տալու, ասաց, թե «նրանք տեսախցիկներին փող չեն տա»: Շարունակելով` թեկնածուն ասաց, թե «նրանք» իրենց փողերը ավելի նպատակային տեղում են օգտագործում. սկզբում փողերը տանուլ էին տալիս Հայաստանի կազինոներում, հետո Մոսկվա տեղափոխվեցին, հիմա Նիցցա են գնում:

Արարատի մարզում Վահան Հովհաննիսյանը հանդիպումներ ունեցավ նաեւ մարզի այլ բնակավայրերում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG