Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով` արդարադատության նախարարության շենքում հրդեհի պատճառը մալուխների բռնկումն էր


Նախնական տվյալներով, փետրվարի լույս 9-ի գիշերը Հայաստանի արդարադատության նախարարության վարչական շենքում հրդեհի առաջացման պատճառը էլեկտրական մալուխների բռնկումն էր: Այդ մասին այսօր տեղեկացնում է արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը:

Համաձայն հաղորդագրության, նախարարությունը ոչ մի րոպե չի դադարել աշխատելուց, իսկ նախարարության աշխատակազմը տեղաբաշխված է նախարարության առանձնացված ստորաբաժանումներում. նախարար Գեւորգ Դանիելյանը, նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մալխասյանը եւ նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը աշխատանքը շարունակելու են արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչական շենքում, իսկ փոխնախարար Գեւորգ Կոստանյանը` նախարարության քրեակատարողական վարչության վարչական շենքում: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը եւ նոտարական բաժինը տեղակայված են արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում:

Նախարարության տեխնիկական միջոցների շուրջ 50 տոկոսը հաջողվել է փրկել: Քաղաքացիական ակտերի գործակալության եւ նոտարական բաժնի արխիվը փրկվել է գրեթե ամբողջությամբ: Չեն վնասվել փորձագիտական կենտրոնի գույքը, տեխնիկական միջոցներն ու փաստաթղթերը:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչական շենքում սկսվել են ներքին հարդարման, գույքի եւ տեխնիկական միջոցների ապահովման աշխատանքներ, որոնց ավարտից հետո նախարարության ամբողջ աշխատակազմը կտեղափոխվի վերոնշյալ շենք:

Հրդեհը գնահատվել է որպես երրորդ աստիճանի, հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG