Մատչելիության հղումներ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ազգային անվտանգության, ոստիկանության ծառայության պետերը, գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ու ոստիկանության Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների պետերը, մարզային դատախազները:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, նախագահն անդրադարձել է նախընտրական փուլում հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

«Նախընտրական գործընթացը մտնում է չափազանց պատասխանատու փուլ: Մեր նպատակը օրինական ընտրություններ կազմակերպելն է, եւ այդ գործում մեծ է ձեր եւ ձեր ղեկավարած ծառայությունների դերակատարությունը: Պարզ է, որ ընտրությունների ժամանակ ներքաղաքական իրավիճակը որոշ չափով լարվում է, տարբեր թեկնածուներ, կուսակցություններ բավականին լայնածավալ, մասշտաբային միջոցառումներ են անցկացնում: Այստեղ բոլորիդ աշխատանքը պետք է համապատասխան լինի ստեղծված իրավիճակին եւ այս ժամանակահատվածում դուք պետք է գործեք շատ ավելի ծանրաբեռնված»:

Հիմնական անելիքները բաժանելով երկու մեծ խմբի, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ առաջինն այն գործառույթներն են, որոնք իրավապահ մարմինները պարտավոր են կատարել ընտրական օրենսգրքի եւ այս գործընթացների շրջանակում: Ոստիկանության համար դա ընտրացուցակների ճշտումն է:

Երկրորդ խնդիրը կարգապահության հարցն է եւ ընդհանրապես հասարակական կարգի պահպանությունն է ընտրությունների օրն ընտրական տարբեր տեղամասերի շրջակայքում: Իրավապահ մարմիները պարտավոր են շատ արագ արձագանքել բոլոր ահազանգերին` կապված ընտրական օրենսգրքի խախտումների հետ: Այսօր արդեն իսկ դատախազությունում ստեղծված են խմբեր, ոստիկանությունում գործում է «թեժ գիծ»:

Անդրադառնալով հասարակական կարգի պահպանությանը, Նախագահը նշել է, որ խոշոր միջոցառումների ժամանակ երկու տեղում արդեն գրանցվել են միջադեպեր: Նա հանձնարարել է լինել շատ ավելի ուշադիր:

«Հասկանալի է, որ որեւէ երկրում դժվար է պատկերացնել ընտրություններ, որոնց ընթացքում ընդհանրապես միջադեպեր չլինեն, բայց մեզանից է կախված դրանց ծավալը, խորությունն, ինչքան արագ կարձագանքենք ու կկանխենք», - ասել է Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացրել. - «Այս խնդիրներին զուգահեռ, դուք ունեք բազմաթիվ այլ պատասխանատվության ոլորտներ, որոնք ընտրությունների ժամանակահատվածում ոչ ոք չի առկախում եւ այդ ուղղությամբ եւս պետք է հետեւողականորեն աշխատեք: Սա ենթադրում է անձնակազմի շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն: Շատ կարեւոր է, որ այս ընթացքում երկրում քրեածին իրավիճակը չվատթարանա, որ ոչ ոք չկարծի, թե ընտրությունները կարող են օգտագործել այլ նպատակների համար: Չափազանց կարեւոր է նաեւ, որ որեւէ թեկնածու կամ քաղաքական ուժ չմտածի, որ կարող է տարբեր սադրանքներով ընտրությունները վերածել անվերահսկելի գործընթացի»:

Փաստելով, որ «կայունությունը վերջին տարիների մեր ամենալուրջ ձեռքբերումներից մեկն է, որի վրա են կառուցված մեր հաջողությունները եւ, իհարկե, այստեղ որեւէ տատանում չի կարող լինել», Ռոբերտ Քոչարյանը արձանագրել է. - «Տարբեր թեկածուներ, քաղաքական ուժեր փորձում են ձեզ ներքաշել քաղաքական այս գործընթացների մեջ, հնչում են հրապարակային մեղադրանքներ, սադրանքներ: Բոլորը պետք է իմանան, որ իրավապահ մարմինները եւ պետական կառույցներն ընդհանրապես պատշաճ ձեւով, արդյունավետ եւ վճռական կատարում են իրենց պարտականությունները»:

«Այս ժամանակահատվածում բոլորս, այդ թվում` նաեւ քարոզարշավի մասնակից թեկնածուներն ու քաղաքական ուժերը, պետք է շատ ավելի համբերատար լինենք: Երբ վիճակը շիկացած է, հնչեցվում են փոխադարձ մեղադրանքներ, երբ կա թեկնածու, որի քարոզարշավը սադրանքների մի ամբողջ շղթա է, պատասխանելու, ներքաշվելու գայթակղությունը շատ մեծ է: Այդ պատճառով պետք է շատ ավելի համբերատար, զուսպ ու սառնասիրտ լինենք, եւ բոլոր նման փորձերին հակազդենք օրենքի շրջանակում եւ օրենքի ուժով: Դուք գործում եք պետության անունից, կրում եք համազգեստ, ունեք կոչումներ, հետեւաբար շատ ավելի զգոն, զուսպ, բայց նաեւ` շատ ավելի վճռական պետք է լինեք այս գործընթացներում»,֊ - ասել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG