Մատչելիության հղումներ

«Եվրասիա տուն» կազմակերպության հայտարարությունը


«Եվրասիա տուն» միջազգային կազմակերպությունը (Eurasia House International), որը հիմնադրել եւ ղեկավարում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, հանդես է եկել ստորեւ ամբողջությամբ մեջբերվող հայտարարությամբ:

«Արմեն Սարգսյանի անունը դարձյալ է հոլովվում հայաստանյան քաղաքական շրջանակներում ու զանգվածային լրատվամիջոցներում: Հարկ ենք համարում մեկ անգամ եւս նշել, որ Արմեն Սարգսյանը ներկայումս չի մասնակցում Հայաստանի քաղաքական կյանքին, չի ձգտում դրանում որեւէ ուղղակի կամ անուղղակի դերակատարություն ունենալ:

Փետրվարի սկզբին Արմեն Սարգսյանը Եվրոպայի խոշոր գործարարների հետ միասին մեկօրյա այցով ժամանել էր Հայաստան` խթանելու ներդրումները, ուսումնասիրելու «Մարս» ընկերությունում ռուսաստանյան եւ եվրոպական ներդրողների ջանքերը միավորելու հնարավորությունները: Կրկին, սակայն, ծայր առան ասեկոսեներ, թե նման ձեռնարկները քողարկում են «քաղաքական» պատճառներ կամ թե Արմեն Սարգսյանը ուզում է գնել «Մարս»-ը: Սրանք սոսկ իրականությունից շատ հեռու եւ սխալ ենթադրություններ են:

Արմեն Սարգսյանը, իրոք, տարիներ ի վեր աջակցել ու օգնել է հարյուրավոր հայ ուսանողների ու երիտասարդ մասնագետների` կրթություն ստանալու Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում` խորապես գիտակցելով, որ առանց արհեստավարժ երիտասարդ առաջնորդների որեւէ երկիր չի կարող իրացնել իր ներուժը:

Արմեն Սարգսյանի ղեկավարած կամ նրա աջակցությունը վայելող ծրագրերի շնորհիվ աշխարհի հեղինակավոր համալսարաններն ավարտած մասնագետներից շատերը այժմ Հայաստանում աշխատում են տարբեր ոլորտներում` ներառյալ հասարակական, միջազգային կազմակերպություններն ու կառավարությունը: Շատերն էլ ստեղծել են ոչ կառավարական կազմակերպություններ:

Նրանցից ոմանք անդամագրվել են ընդդիմադիր, մյուսները` իշխանամետ կուսակցություններին: Այդ մարդկանց ընտրության համար Արմեն Սարգսյանը պատասխանատու չէ: Քաղաքական ընտրությունը կատարվում է խղճի մտոք, եւ այդ երիտասարդները պատասխանատու են սոսկ սեփական խղճի ու բարոյական սկզբունքների առջեւ:

Վերջերս որոշ մարդիկ կարծիք են արտահայտել, թե Արմեն Սարգսյանն է «ստեղծել» ՄԻԱԿ քաղաքական կուսակցությունը` որպես «քաղաքականության վրա ազդելու» կամ «իշխող ռեժիմին սատարելու» գործիք: Սա բացարձակ հերյուրանք է: Հայաստանի երիտասարդ մասնագետների եւ առաջնորդների համար վիրավորական է ենթադրությունն անգամ, որ իրենք ընդամենը մեկ մարդու կամ մարդկանց խմբի կողմից «ծրագրավորված» ու «օգտագործվող» ռոբոտներ են: Ինչո՞ւ են որոշ մարդիկ Հայաստանում կարծում, թե աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում փայլուն կրթություն ստացած երիտասարդ մասնագետները ընդունակ չեն ինքնուրույն մտածել ու ինքնուրույն` լավ կամ վատ, ընտրություն կատարել:

Եվ վերջապես, բոլոր ընտրություններից առաջ Արմեն Սարգսյանի վերաբերյալ հոդվածներ են հայտնվում ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր մամուլում: Երբեմն դրանք այնքան թունոտ են, ստերով ու անճշտություններով լի, որ դրանց պատասխանելը պարզապես ժամանակի կորուստ է: Ակնհայտ է, որ նման հոդվածներ տպագրող որոշ թերթերի հետաքրքրում է ոչ թե ճշմարտությունը, այլ մյուսներին վարկաբեկելու ու նսեմացնելու միջոցով սեփական տերերին բարձրացնելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG