Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է Բեռլինի 58-րդ միջազգային կինոփառատոնը


Մարտին Սկորսեզեի նոր կինոնկարի ցուցադրությամբ այսօր երեկոյան կմեկնարկի Բեռլինի 58-րդ միջազգային կինոփառատոնը:

«Ռոլինգ սթոունզ» խմբի ամենահայտնի երգերից մեկի` Shine a Light («Եղիցի լույս») անունը կրող ֆիլմի բոլոր գլխավոր հերոսները, այդ թվում ինքը` լեգենդար Միք Ջագերը արդեն Բեռլինում են:

Ֆիլմում նկարահանվել է նաեւ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, ով, սակայն, վերջին շաբաթներին զբաղված լինելով իր տիկնոջ ընտրարշավի կազմակերպական աշխատանքներով, չի կարողացել ժամանել Բեռլին:

Եվրոպացի քննադատների գնահատմամբ` Սկորսեզեի այս ֆիլմն ամենաանսովորն է նրա նկարահանած բոլոր կինոնկարների շարքում: Գործնականում այն նկարահանվել է երկու օրում, Նյու Յորքի համերգային սրահներից մեկում` 2006 թվականի ամռանը «Ռոլինգ սթոունզ»-ի ելույթներից մեկի ժամանակ: Հետագայում ֆիլմը նաեւ համեմվել է կուլիսներում նկարահանված բազմաթիվ կադրերով եւ արխիվային հարցազրույցներով:

Բեռլինի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 8 ֆիլմ: Արտամրցութային «Համայնապատկեր» ծրագրում ներկայացված է նաեւ մոսկվաբնակ ռեժիսոր Աննա Մելիքյանի «Ջրահարսը» ֆիլմը:

Մելիքյանը Բեռլին է ժամանել Միացյալ Նահանգներից, որտեղ Սանդասնի կինոփառատոնում նա լուրջ հաջողության հասավ` «Ջրահարսը» ֆիլմի համար ճանաչվելով լավագույն արտասահմանցի բեմադրիչ:

Բեռլինի 58-րդ կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում է հետխորհրդային տարածքը ներկայացնող եւս մի ֆիլմ: Վրաց ռեժիսոր Թեմուր Բուտիկաշվիլիի «Հնաոճ իրերի վաճառք» կատակերգությունը ավանդական վրացական հումորով է պատկերում ժամանակակից Թբիլիսիի բնակիչներին, նրանց առօրյան:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG