Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի շտաբ. «Հանցավոր սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմից»


Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբը երեկ Արտաշատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, որ «հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմից»։

«Հայտնի է դարձել, որ այն անձամբ նախապատրաստվել է [տարածքային կառավարման նախարար] Հովիկ Աբրահամյանի եղբայր, Ազգային ժողովի պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ: Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է։ Ոստիկանությանը հրահանգված է եղել չմիջամտել, ինչը եւ նրանք կատարել են», - ասված է Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունում:

Ներկայացնելով կատարվածի մանրամասները, թեկնածուի շտաբը տեղեկացնում է, որ ըստ Արտաշատի բնակիչների` խուլիգանները գործել են Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանի որդու գլխավորությամբ։

Հայտարարությունում ասված է նաեւ, որ «դուրսպրծուկների հանցախումբը», հարձակվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենայի մոտ հսկողություն իրականացնող` պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանի վրա, նրան մարմնական վնասվածքներ է պատճառել գլխի շրջանում: Սարգիս Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց:

«Հանցագործ իշխանությունների կողմից հրահանգված ու կազմակերպված որեւէ սադրանք անկարող է մեզ հունից հանել կամ կասեցնել մեր հաղթական ընտրարշավը, որ փետրվարի 19-ին ավարտվելու է անխուսափելի հաղթանակով», - հայտարարում է թեկնածուի շտաբը: - «Տեղի ունեցածը բանական բանավեճի անընդունակ եւ հոգեվարք ապրող ավազակապետական իշխանության վերջին ճանկռտոցներն են»։

Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբը վստահեցնում է, որ «փետրվարի 20-ից հետո բոլոր սադրիչները կանգնելու են դատարանի առջեւ եւ պատասխանատվություն են կրելու օրենքի ամբողջ խստությամբ»։

Ավելի ուշ միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՀՀ ոստիկանությունը:

«Փետրվարի 6-ին, Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դիմաց տեղի է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական հանդիպումը ընտրողների հետ, որի ընթացքում թեկնածուն եւ նրա թիմակիցները անձնական վիրավորանքներ ու անվանարկումներ են հնչեցրել որոշ պաշտոնյաների հասցեին», - ասված է Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում: - «Հանրահավաքին մասնակցող երեք քաղաքացիներ պահանջել են վերջ տալ անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններին, ինչին ի պատասխան` միջոցառման կազմակերպիչների համախոհ չորս-հինգ երիտասարդներ քաշքշել, գցել են գետնին ու հարվածներ են հասցրել դիտողություն անողներին` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Տուժածների կողմնակիցները դիմել են պատասխան գործողությունների»:

«Տարածքային կառավարման մարմինների ղեկավարների եւ ոստիկանության գործուն եւ օպերատիվ միջամտության շնորհիվ հաջողվել է իրավիճակը արագորեն վերցնել հսկողության տակ եւ խուսափել անկանխատեսելի զարգացումներից: Միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտված է եւ նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Նախապատրաստվում են նյութեր», - տեղեկացնում է Ոստիկանությունը` եզրափակելով. - «Այսպիսի մարտավարություն որդեգրածներին զգոնության եւ զսպվածության կոչ ենք անում, առաջարկում ենք զերծ մնալ սադրանքների գայթակղությունից եւ հակաօրինական գործողություններից, արհեստականորեն չլարել իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների»:

Միջադեպի կապակցությամբ Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Փետրվարի 6-ին Երեւան քաղաքի բնակիչ, ՀՀ պետական պահպանության ծառայության 4-րդ բաժնի 1-ին բաժանմունքի պետ, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամ Սարգիս Հովհաննիսյանից ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը նա ներկա է գտնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հրապարակում ընտրողների հետ ունեցած հանդիպմանը: Հանդիպման ընթացքում իրեն անծանոթ 4-5 երիտասարդներ քարեր են նետել հանրահավաքի մասնակիցների վրա, ինչը փորձել է կանխել, որի հետեւանքով նշված երիտասարդները հարձակվել են իր վրա, հարվածել ձեռքերով ու ոտքերով՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նույն ժամանակ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Ռայա Ասատրյանը եւ Արտաշատի բնակիչ Օֆելյա Հովսեփյանը դիմումներ են ներկայացրել ոստիկանության Արտաշատի բաժին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մյուս հռետորների կողմից վիրավորական եւ անպարկեշտ արտահայտություններ են արվել կառավարության հասցեին: Իրենք բարձրաձայն առարկել են, որի կապակցությամբ միջոցառման կազմակերպիչների համախոհ, իրենց անծանոթ 4-5 երիտասարդներ քաշքշել են իրենց, հարվածել, գցել գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով [«խուլիգանություն` զուգորդված բացառիկ ցինիզմով»], կատարվում է նախաքննություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG