Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը գոհ է Եվրամիության պատվիրակության հետ բանակցությունների արդյունքներից


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող Եվրամիության «Տրոյկայի» հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ շատ գոհ է արդյունքներից:

«Այսօր մեր քննարկումները կենտրոնացել են այս հարցերի վրա` Գործողությունների ծրագիր, երկկողմ հարաբերություններ, նախագահական ընտրություններ: Եվ, իհարկե, տարածաշրջանային խնդիրներ, որոնցից առաջնայինը եւ ամենահետաքրքրականը Եվրամիության համար դա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է, ինչպես նաեւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունները: Պետք է ասեմ, բավական բովանդակային, խորքային քննարկում ունեցանք: Ես ինքս շատ գոհ եմ արդյունքներից», - բանակցությունների ավարտին հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Եվրամիության «Նոր հարեւանության» ծրագրի շրջանակներում ուժի մեծ մտած Գործողությունների ծրագիրը, Օսկանյանի խոսքով, բավական մեծ հնարավորություններ է տալիս հարաբերությունները խորացնելու եւ «սկսելու ինտեգրացիոն գործընթացը». - «Կարծում եմ, որ այս այցով մենք մեր նվիրումը վերահաստատեցինք այն սկզբունքներին, որը մենք` Հայաստանը, որդեգրել ենք, եւ Եվրամիությունը վերահաստատեց իր նվիրումը այս տարածաշրջանում խաղաղ, զարգացած եւ ժողովրդավարական հասարակություն տեսնելուն»:

Եվրամիությունում նախագահող երկրի` Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը շեշտեց, որ Եվրամիության պատվիրակությունը Հայաստան է այցելել` «պարզելու զարգացումները», «ծանոթանալու հայ բարեկամների կարծիքներին ու գնահատականներին»:

«Մեր հիմնական ուղերձն է` մեր բարեկամները պետք է նաեւ միմյանց բարեկամ լինեն: Եվ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի դա իրականություն դառնա», - ասաց Ռուպելը:

Առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ նա ասաց. - «Մենք նկատել ենք, որ ժողովրդավարական մթնոլորտի առումով Հայաստանում առաջընթաց է արձանագրվել... Այս նախագահական ընտրությունները հիրավի հնարավորություն են ընձեռելու բարելավել որոշ չափանիշներ»:

Իր հերթին Եվրամիության արտաքին կապերի գծով գլխավոր հանձնակատար Բենիտա Ֆերրերո-Վալդները ասաց. - «Եվրամիությունը հուսով է, որ Հայաստանում կանցկացվեն մրցակցային, ազատ նախագահական ընտրությունները: Նախորդ` խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իմ կարծիքով, լավ արդյունքներ արձանագրվեցին, եւ այս անգամ, ըստ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի, կլինի առաջընթաց»:

Պատասխանելով Եվրամիության տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Ֆերրերո-Վալդները շեշտեց, թե Եվրոպայի համար չափազանց կարեւոր են Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները, մասնավորապես գազի մշտական հոսքը դեպի Եվրոպա:

Ինչ վերաբերում է Հայաստանի Մեծամորի ատոմակայանին, Ֆերերո-Վալդները հաստատեց, որ այն անհրաժեշտ է կանգնեցնել:

«Եվրահանձնաժողովը արդեն 30 միլիոն եվրո է տրամադրել Մեծամորի ատոմակայանի անվտանգության ապահովմանը, եւ հետագայում նույնպես մտադիր է շարունակել այս հարցում Հայաստանին աջակցություն ցուցաբերել», - ասաց նա: - «Իսկ արդեն նոր ատոմակայանի կառուցման ծրագիրը, որքան հասկանում ենք, Հայաստանը իրականացնելու է Ռուսաստանի հետ համատեղ, եւ մենք չենք պատրաստում ֆինանասավորել մի ծրագիր, որը երկու երկրների միջեւ է կնքված»:

Եվրոպական Միության եռյակին այսօր ընդունել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական Միության հետ ծավալվող համագործակցության վերաբերյալ, անդրադարձել են Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրին:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG