Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը Պրիշտինայում կքննարկի Կոսովոյի անկախացման հեռանկարը


Այսօր Կոսովո կժամանի ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկկա Կաներվան: Պրիշտինայում նա կհանդիպի Կոսովոյի նախագահ Ֆեթմիր Սեյդիուի եւ վարչապետ Հաշիմ Թաչիի հետ: Քննարկման թեման մարզի անկախության հռչակման հեռանկարն է:

Վերջին շաբաթներին շատ կարծիքներ են հնչում, որ Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը կարող է հանգեցել նոր բախումների` ալբանացիների եւ Կոսովոյի բնակչության մոտ 10 տոկոսը կազմող սերբերի միջեւ: Կոսովոյի կառավարության ղեկավար Հաշիմ Թաչին այս մտավախությունը փարատելու նպատակով երեկ այցելել է Կոսովոյի տարածքում գտնվող սերբական գյուղերից մեկը` պնդելով, թե անկախության հռչակումից հետո երկրամասը լքած սերբերը առանց որեւէ խնդրի կարող են վերադառնալ իրենց օջախները:

«Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Կոսովոյի այն բնակիչների համար, որոնք արդեն վերադարձել են իրենց օջախները, անվտանգ ու բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծվեն: Կուզեի նաեւ դիմել բոլոր այն մարդկանց, ովքեր ժամանակին լքել են Կոսովոն` հրավիրելով նրանց վերադառնալ ու տեր կանգնել իրենց տներին ու ունեցվածքին», - ասել է Թաչին:

Եվրամիության անդամ պետությունները երկուշաբթի օրը հավանության արժանացրին Կոսովոյի վարչակազմ ստեղծելու մասին ծրագիրը: 1800-հոգանոց եվրոպական առաքելությունը պետք է փոխարինի ՄԱԿ-ի վարչակազմին, որը ղեկավարում է երկրամասը 1999 թվականից ի վեր: Վերլուծաբանները նշում են,որ Կոսովոյի անկախությունը, ըստ ամենայնի, կհռչակվի հենց այն պահին, երբ երկրամասի վերահսկողությունը ՄԱԿ-ից անցնի Եվրամիությանը:

Նման զարգացումների դեպքում, վերլուծաբան Ռիշար Վերլիի կարծիքով, սկզբնական շրջանում Բելգրադի եւ Բրյուսելի հարաբերությունները կլարվեն: Չի բացառվում անգամ, որ Սերբիան որոշի պատժամիջոցներ կիրառել Կոսովոյի նկատմամբ, օրինակ` դադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը:

«Դա, սակայն, երկարաժամկետ քայլ հազիվ թե լինի: Նման որոշման դեպքում, նախեւառաջ, տուժելու է Սերբիայի պետական բյուջեն, քանի որ երկրամասով անցնող բարձրավոլտ գծերով է էլեկտրաէներգիա մատակարարվում հարեւան Մակեդոնիա: Այս բիզնեսն էլ Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցայի ազգականների ձեռքում է, այնպես որ, դժվար է ասել` կցանկանա՞ ազգայնականի համբավ ունեցող Կոշտունիցան վտանգել իր բարեկեցությունը` անգամ հանուն Կոսովոյի», - նշում է վերուծաբանը շվեյցարական Le Temps թերթում տպագրված հոդվածում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG