Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» օրաթերթը, անդրադառնալով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպմանը, գրել է. - «Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության` «Պետության համար չափազանց պատասխանատու այս ժամանակահատվածում երկրի ղեկավարն ու Վեհափառ Տերը կարեւորել են հանդուժողականության եւ համերաշխության մթնոլորտը»: «Առավոտ»-ի կողմից նկատենք, որ ինքը` ՀՀ նախագահը հանդուրժողականության օրինակելի պահվածք պարբերաբար է ցուցադրում, որի վերջին դրսեւորումներից մեկն, ասենք, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին Ադրբեջանի հետ «քիրվայություն» անելու ձգտումների մեջ մեղադրելն էր»:

«Ազգ» թերթի մեկնաբանը, քարոզարշավի մթնոլորտին անդրադառնալով, առանձնացրել է. - «Երկրին ու ապագային տիրություն անելու թեկնածություն ներկայացրած Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը իրենց թիմերով հանդերձ ամենայնս ջանում են որպես այդպիսին միակը դառնալ հասարակության ընկալումներում: Եվ այդ մրցավազքում չեն էլ նկատում, որ դրսեւորում են խորագույն արհամարհանք հենց նույն ժողովրդի՝ ընտրողների հանդեպ: Ի վերջո, ո՞ւմ աչքերն են փակ կամ հիշողությունը մթագնած, որ չտեսնեն ու չհիշեն իրականությունը: Այն է՝ մյուսի պատիժը առավելագույնս իրականացնելու հարցում երկու առաջատար թեկնածուների հասարակության վստահությունը շահելու օրեցօր ահագնացող փորձերը, որոնք զուգահեռվում են մթնոլորտը չարությունից զերծ պահելու դատարկ կոչերով»:

«Եթե հիմա Սերժ Սարգսյանը հանի իր թեկնածությունը, ես էլ կհանեմ։ Թող այդ թեկնածուներից մեկը նախագահ դառնա». - մեջբերելով երեկվա հեռուստատեսային քարոզարշավի ժամին Լեւոն Տեր-Պետրոսյանի այս առաջարկը, «Հայք»ի խմբագրականը խոսքը հասցեագրել է նախագահի մյուս թեկնածուներին. - «Եթե Վահան Հովհաննիսյանին, Արտաշես Գեղամյանին, Վազգեն Մանուկյանին, Տիգրան Կարապետյանին եւ մյուսներին թվում է, թե իրենք իսկապես հնարավորություն ունեն հաղթել ընտրություններում, եթե նրանց խնդիրն ընդամենը ջուրը պղտորելը չէ, եթե նրանք ներդրված չեն Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ միասնական ճակատով հանդես գալու համար, եթե նրանք չեն ծառայում Սերժ Սարգսյանին, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունից հետո տրամաբանական կլիներ, որ կամ ԿԸՀ-ից պահանջեին արդեն իսկ նկատված աղաղակող խախտումների համար անվավեր ճանաչել նրա գրանցումը, կամ էլ գոնե Սերժ Սարգսյանից պահանջեին դուրս գալ ընտրապայքարից»։ «Եթե նրանք անեն այդ քայլը, ապա հնարավորություն կունենան ազատվել իրենց ամենահզոր երկու մրցակիցներից եւ իսկապես արդար պայքար մղել ՀՀ նախագահ ընտրվելու համար», - հավելել է խմբագրականը։

Նախագահական ընտրությունների քարոզարշավից իր տպավորությունները փոխանցելով` «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում նկատել է. - «Ցավոք սրտի, այն, ինչին ականատես ենք՝ փոխադարձ ցեխարձակումներ, մեղադրանքներ, սպառնալիքներ, լավատեսության առիթ չի տալիս։ Նկատելի է, որ որոշ թեկնածուներ գնում են իրավիճակի սրման, ինչը, վստահ եմ՝ ոչ մի լավ բանի չի բերի։ Եթե քաղաքական ուժերը եւ քաղաքական գործիչները, իրոք, մտածում են ժողովրդի եւ պետության ապագայի մասին, պետք է իրենց մի քիչ ավելի զուսպ պահեն, եւ պարտվողներն էլ իրենց մեջ ուժ գտնեն շնորհավորելու հաղթողին: Եթե դա չկա, եթե քաղաքական լիդերը, որը հավակնում է նախագահի պաշտոնին, ի վիճակի չէ ընդունելու սեփական պարտությունը, ընդհանրապես իրավունք չունի նույնիսկ մտածել այդ մասին»։

«Փոփոխականություն» վերնագրի տակ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը շեշտադրել է. - «Քաղաքականությունը, ինչ խոսք, դաժան բան է, մանավանդ՝ նախընտրական պայքարում, բնականաբար, փլավ չեն բաժանում. չեն խնայում ոչ իրար, ոչ էլ մեր՝ ունկնդիրներիս ականջները: Բացի դաժան բան լինելուց, քաղաքականությունը նաեւ չափազանց փոփոխական է»: «Արթուր Բաղդասարյանը լավն էր, երբ միայնակ էր եւ Լեւոնից ձայներ էր խլում, իսկ հիմա շատ արագ դարձավ վատը», - մասնավորեցրել է խմբագրականն ու բխեցրել. - «Հասկանում եմ, որ նման տատանումներից խուսափելը գործնականում անհնար է: Բայց որպեսզի անցումը «պուպուշից» «բոբո» եւ՝ հակառակը չլինի շատ կտրուկ եւ անսպասելի, քաղաքական գործիչներին ու քարոզիչներին կարող եմ խորհուրդ տալ՝ չասել այնպիսի բաներ, որոնք ծիծաղելի եւ անհեթեթ կթվան՝ իրավիճակը կամ վերաբերմունքը 180 աստիճանով շրջելու դեպքում»:

«Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանի հայացքով, «Հայաստանի նախագահի ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ արդեն կարելի է արձանագրել, որ երկրում տեղի է ունեցել եթե ոչ արմատական, ապա նվազագույնը էական շրջադարձ՝ վախի մթնոլոտից դեպի ըմբոստություն, ստրկամտությունից դեպի ազատատենչություն, ապատիկ վիճակից դեպի սեփական իրավունքները գիտակցել սկսող քաղաքացիական հասարակություն»։ «Սա փաստ է, եւ այն կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ ավելի քան պրագմատիկ մեր հասարակությունը զգար ու հասկանար, որ երկրում իրական եւ արմատական փոփոխությունների հնարավորություններ կան։ Միայն այդպիսի իրավիճակի դեպքում է, որ ի չիք են դառնում իշխանական վարչական լծակների, ընտրակաշառքի գործոններն ու վախի զգացումը», - հավելել է մեկնաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG