Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի թիմին չի մտահոգում թեկնածուի նախընտրական հանդիպումների` մեկ օր ուշացումով լուսաբանումը


Հայաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թիմին չի մտահոգում այն փաստը, որ թեկնածուի նախընտրական հանդիպումները անխտիր բոլոր հեռուստաալիքներով մեկ օր ուշացումով են ցուցադրվում, ընդ որում` հեռուստադիտողներն այդ մասին չեն տեղեկացվում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի շտաբի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կարծում եմ, հասարակությանն էլ չի մտահոգում», - ընդգծեց Շարմազանովը եւ հավելեց. - «Նախ` դա որոշում են լրատվամիջոցները, եւ կարծում եմ, այդտեղ տեխնիկական խնդիր կա, որովհետեւ, երբ գնում ենք հեռավոր մարզեր, մեր հանդիպումները ուշ ժամերի են լինում, եւ նույն օրը, կարծում եմ, այդքան էլ հնարավոր չէ: Չնայած այդ հարցը ավելի ճիշտ կլինի ուղղեք լրատվամիջոցների ղեկավարներին կամ լուրերի տնօրեններին, բայց մեզ չի մտահոգում, որովհետեւ մենք օպերատիվ աշխատում ենք»:

«Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր հեռուստաընկերությունները` առանց բացառության, հաջորդ օրն են հեռարձակում», - այս հարցը Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց ուղղել հեռուստաընկերությունների ղեկավարներին:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լուրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե քարոզարշավի որեւէ իրադարձություն հաջորդ օրը լուսաբանելը պայմանավորված է «տեխնիկական պատճառներով` երբ են հասցնում տեսանյութը»: Դա, ըստ նրա, վերաբերում է ոչ միայն Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին. - «Կարող եմ թվարկել ուղղակի օրինակներ` ե’ւ «Օրինաց երկիր»-ից, ե’ւ Լեւոն Տեր-Պետրոսյանից, ե’ւ Վահան Հովհաննիսյանից»:

«Ի տարբերություն ձեր նշած օրինակների` նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի դեպքում երբեւէ բացառություն չի լինում», - այս հարցադրմանը Գեղամ Մանուկյանը հակադարձեց. - «Այդտեղ խնդրում եմ որեւէ տարօրինակ բան չփնտրել, հատկապես մեր հեռուստաընկերության պարագայում, որը ամեն օր չէ, որ լուսաբանում է Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը, ինչպես այլ թեկնածուների»:

Հ2 հեռուստաընկերության «Լրաբեր» ծրագրի տնօրեն Շավարշ Գեւորգյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Հանդիպումները կեսօրից հետո են տեղի ունենում, եւ որպեսզի հավասարության սկզբունքը կարողանանք ապահովել, ցուցադրում ենք հաջորդ օրը, եւ ոչ միայն Սերժ Սարգսյանինը: Թեկնածուների գրեթե կեսից ավելիի քարոզարշավի մասին պատմող ռեպորտաժները հեռարձակվում են ոչ նույն օրը, այլ հաջորդ օրը, եւ թեկնածուների շտաբները չեն առարկում»:

«Ես որեւէ հատուկ բան չեմ տեսնում այդտեղ, հատուկ ոչինչ չի արվում, ես ձեզ հավաստիացնում եմ», - ամփոփեց Շավարշ Գեւորգյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG