Մատչելիության հղումներ

Դպրոցներում ձմռանը հրաժարվում են ֆիզկուլտուրայից


Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշում է, որ դպրոցներն իրավունք չունեն բաց թողնել դասը, եթե նույնիսկ անտանելի ցուրտ է:

Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոցի տնօրեն Արկադի Էլոյանը փաստում է, որ դահլիճը եւ հանդերձարանները ջեռուցում են տաքացուցիչներով:

«Եթե 10 աստիճան տաքություն կարողանում ենք ապահովել` անպայման անցկացնում են դասաժամը: Ձմռանը երեխաները շատ ավելի լավ են պարապում, քանի որ ցրտից ցանկություն է առաջանում վազել, խաղալ», - ավելացրեց նա:

Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը նշում է, որ իրենք ձմռան ամիսներին ուղղակի հրաժարվում են ֆիզկուլտուրայից, քանի որ անհնար է նույնիսկ լոկալ ջեռուցման դեպքում մարզադահլիճում ապահովել միջին ջերմաստիճան:

Դպրոցներում բացի ջեռուցումից կա նաեւ ֆիզկուլտուրայի ուսուցչի խնդիր, քանի որ այդ առարկայի դասաժամերը քիչ են, հետեւաբար, աշխատավարձն էլ դրան համապատասխան է լինում:

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Համլետ Մինասյանը արդեն մտածում է աշխատանքից հեռանալու մասին, քանի որ 30-40 հազար դրամով հնարավոր չէ ընտանիքի ծախսերը հոգալ:

«Ֆիզկուլտուրայի ուսուցիչները հիմնականում տղամարդիկ են, այդ իսկ պատճառով կադրերի խնդիր կա, ամեն դպրոցում ընդամենը 2-4 տղամարդ ուսուցիչ է մնացել», - հավելեց նա:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը նաեւ նշեց, որ ուսուցիչների խնդիրը ժամանակի ընթացքում կլուծվի` եթե, իհարկե, բարձրացվեն աշխատավարձերը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG