Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը


Ուրբաթ օրը արտախորհրդարանական քաղաքական ուժերից Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) համագումարին հաջորդած Քաղխորհրդի նիստում փակ գաղտնի քվեարկությամբ որոշվել է, որ կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը:

Նախկին գումարման Ազգային ժողովում ներկայացված կուսակցության 199 ակտիվիստներից 124-ը քվեարկել էր Սերժ Սարգսյանի, իսկ 47-ը` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի օգտին:

Կուսակցության քաղաքական խորհուրդը ընդունեց հայտարարություն, որով կոչ արեց կուսակցության անդամներին «ակտիվորեն մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին եւ պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

Կուսակցության նախագահ, գործարար Գուրգեն Արսենյանը հրաժարվեց հնչեցնել իր անձնական դիրքորոշումը` փաստարկելով. - «Եթե տեղեկացված եք, փակ գաղտնի քվեարկություն էր»:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով ներկայացնում է ՄԱԿ կուսակցությունը, մինչդեռ, չթաքցրեց իր ընտրությունը` ասելով, որ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Կարծում եմ, որ այն հատկությունները, որով այդ մարդը օժտված է, ամենագերադասելին են այսօր մեր երկրի ղեկավարի համար», - փաստարկեց նա:

Թեեւ կուսակցության Քաղխորհուրդը կոչ է անում պաշտպանել Սերժ Սարգսյանը թեկնածությունը, բոլորը, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Արսենյանը, ազատ են իրենց ընտրության հարցում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG