Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյան. «Ձեզանից միայն ազնվություն է պահանջվում»


Փետրվարի 19-ի ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածու, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում ընտրողների հետ հանդիպումներում Հայաստանում տիրող իրավիճակի համար քննադատեց ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանություններին:

Մարտունու ընտրողների հետ հանդիպմանը Հովհաննիսյան փորձեց բացատրել, թե որոնք են, իր կարծիքով, Հայաստանում առկա իրավիճակի պատճառները:

«Որովհետեւ ճարպիկ ու բիճ տիպեր մեր հասարակության մեջ մխրճվեցին իշխանության ու ժողովրդի արանքը: Սկսեցին տնօրինել ամեն ինչ, սեփականացրեցին ինչ որ կարող էին` կոպեկներով, ծախեցին ամեն ինչ արտասահման, ոչինչ չաշխատացրեցին, աշխատատեղերը փակեցին: Հիմա, իմիջիայլոց, նորից ոտքի են կանգնել: Նորից գալիս-փորձում են ձեր ականջների մեջ թույն լցնել... Մենք դրան չենք խաբվի», - ասաց նա:

Ապա, հայտարարելով, որ վերջին 10 տարում Հայաստանում իրականացված փոփոխությունները ակնհայտ են, այդուհանդերձ, քննադատության սլաքն ուղղեց ներկա իշխանություններին. - «Երբ ասում են` 12 տոկոս տնտեսական աճ կա, հավատում եմ... 12 տոկոսանոց աճը ձեր վրա տեսե՞լ եք, 12 տոկոսով ավելի լա՞վ եք ապրում: Բյուջեն 4 անգամ ավելացել է... իսկապես ավելացել է` բռավո... Դուք 4 անգամ ավելի լա՞վ եք ապրում: Չէ: Ուրեմն Հայաստանի զարգացումը, նույնիսկ առկա զարգացումը, այն զարգացումը, որ 90-ականներին չկար, չէինք էլ երազում, 2000-ականներին եղավ: Եղավ, բայց նորից ժողովրդին ո’չ ազատություն տվեց, ո’չ հաց հանապազօրյա»:

«Ինչքա՞ն կարելի է լճից ձուկ գողանալու վրա հիմնել մի ամբողջ ռեգիոնի տնտեսություն... Դուք էլ եք չէ՞ հոգնել դրանից: Արդյո՞ք անհնարին է ներդրումներով ցեխեր ստեղծել, վերականգնել արտադրությունը: Հնարավոր է: Դրա համար ներդրումներ են պետք», - Վարդենիկ գյուղում ասաց Հովհաննիսյանը: - «Կարծում եք չկա՞ն այդ ներդրումները: Կան: Հայաստան հսկայական քանակությամբ ներդրում է կատարվում, բայց ո՞ւր է գնում այդ ներդրումը»:

Ըստ Հովհաննիսյանը, գործարարը մարզեր չի գնում, արտադրության կամ գյուղատնտեսության մեջ միջոցներ չի ներդնում, այլ «հարկային, մաքսային ծառայությունների, ոստիկանության հետ խնդիրներից խուսափելու համար», «կաշառված դատարանում գործը տանուլ չտալու համար» նախընտրում է Երեւանի կենտրոնում էլիտար շենք, հյուրանոց կամ ռեստորան կառուցել` այդպիսով որեւէ կերպ չնպաստել երկրի զարգացմանը:

Վարդենիսում Հովհաննիսյանը խոսեց Սոտքի ոսկու հանքերի մասին. - «Դարեր շարունակ [Սոտքը] Հայաստանի շտեմարաններից է եղել, որովհետեւ ապահովել է հաց ու ոսկի: Իսկ այսօր անգրագետ սեփականաշնորհման, մասնավորեցման արդյունքում այս մարզի բնակիչների հիմնական հարստությունը` Սոտքի ոսկու հանքերը, մի քանի անգամ ձեռքից-ձեռք անցնելով, ապիկար տերեր ձեռք բերելով, վերջում փակվեցին, եւ դուք բոլորդ զրկվեցիք աշխատանքից»:

Նա խոստացավ նախագահ ընտրվելու դեպքում վերանայել Սոտքի մասնավորեցման պայմանները, որպեսզի «մարդիկ նորից արժանապատիվ աշխատանք ունենան»:

Խոսելով առաջիկա քվեարկության մասին` Դաշնակցության թեկնածուն ասաց. - «Դժվար է: Կբերեն կուբամետրով փող կբաժանեն, կսպառնան, որ ով աշխատանք ունի, կհեռացնեն, ուրիշ ձեւերով էլ կսպառնան... Մյուս կողմից էլ արդեն ծեծուջարդ են սարքում միտինգների ժամանակ: Ես երդում եմ տվել` հարկ եղած դեպքում կյանքս պիտի այս ժողովրդի համար տամ: Ձեզանից կյանքը չի պահանջվում, միայն ազնվություն է պահանջվում»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG