Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ես մարդկանց չեմ ընտրել որտեղացի լինելու հանգամանքով»


Վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր մայրաքաղաքի Աջափնյակ համայնքի ընտրողների հետ հանդիպմանը «ցնդաբանություն» որակեց նախագահի թեկնածուներից մեկի (ենթադրաբար` Լեւոն Տեր-Պետրոսյանի) ասածը, թե նախագահ դառնալու դեպքում Սարգսյանը բոլոր բարձր պաշտոններում ղարաբաղցիների է նշանակելու:

«Որտեղ էլ աշխատել եմ, ես մարդկանց չեմ ընտրել որտեղացի լինելու հանգամանքով», - ասաց Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Ես մարդկանց ընտրել եմ, հաշվի առնելով նրանց գիտելիքներն ու մարդկային որակները»:

Նա վստահեցրեց, որ այժմ նախարարների եւ կառավարության կազմում տարբեր գերատեսչություններում երկու տասնյակից ավելի պաշտոնյաների շարքում միայն մեկ ղարաբաղցի կա` Հարկային պետական ծառայության ղեկավարը:

«Ես կարծում եմ, որ ընդհակառակը` ղարաբաղցիները իրավունք ունեն ինձ կշտամբելու եւ կշտամբում են: Բայց նրանք էլ ճիշտ չեն վարվում, որովհետեւ ամոթ է 21-րդ դարում խոսել այդպիսի հանգամանքների մասին», - ասաց նա:

Սերժ Սարգսյանը այսօր ընտրողների հետ հանդիպեց նաեւ Դավիթաշեն համայնքում:

Երկու հանդիպումների ժամանակ էլ թեկնածուն խոստացավ, որ 2012 թվականին հայաստանցիները երկու անգամ ավելի լավ են ապրելու:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG