Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը խոստանում է ավանդների «արժանապատիվ վերադարձ»


Նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօր ընտրողների հետ հանդիպում անցկացրեց Եղեգնաձորում:

Հանդիպումը բացեց կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով, «Հայաստանում այսօր սովորական մարդը աղքատության մեջ է», «երկրում համատարած արտագաղթ է», «սահմանամերձ գյուղերը դատարկվում են»:

«Բոլոր տեղերում մենաշնորհ է` Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան, Միկա Բաղդասարյան: Այդ մարդիկ իշխանությունների համաձայնությամբ եւ թողտվությամբ երկրի տնտեսության բոլոր ճյուղերը բաժանել են իրենց մեջ», - ասաց նա` եզրակացնելով, որ մենաշնորհ ունեցողներն են բարձրացնում գները եւ ժողովրդին գցում աղքատության մեջ: - «Աղքատության մեջ են պահում, որպեսզի հնարավոր լինի ձայները գնել»:

Իր ելույթում Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց այն առաջնահերթ քայլերը, որոնք ձեռնարկելու է նախագահ ընտրվելու դեպքում. 100-150 հազար աշխատատեղի բացում առաջիկա 5 տարիներին, աստիճանական անցում պրոֆեսիոնալ բանակի, հարկերի եւ տուրքերի դրույքաչափերի նվազեցում, կրթական համակարգի բարեփոխում (ուսանողական վարկերի եւ նպաստների ներդրման միջոցով), աշխատավարձի կրկնապատկում պետական համակարգում, կենսաթոշակային կուտակային հիմնադրամների ստեղծում, ինչը, թեկնածուի պնդմամբ, թույլ կտա առնվազն եռապատկել թոշակները:

Խորհրդային տարիների ավանդների վերադարձին անդրադառնալով` Արթուր Բաղդասարյանը ասաց. - «Իմ հաղթանակը նշանակում է ավանդների արժանապատիվ վերադարձ բոլոր ավանդատուներին եւ նրանց ժառանգներին: Այսօր Հայաստանում անարդար իրավիճակ է. կինը մահացել է, ամուսինը չի կարողանում նրա փոխարեն ստանալ, ծնողը մահացել է, ժառանգը չի կարողանում ավանդը ստանալ... Մենք այդ ապօրինությունը վերացնելու ենք»:

«Մենք արդեն մեր որոշածը որոշել ենք, 16-20 տարի տեսնում ենք ով ինչ է, բոլորին էլ ճանաչում ենք, բոլորին էլ տեսնում ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանդիպմանը եկած եղեգնաձորցիներից մի տարեց տղամարդ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG