Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-֊Պետրոսյանի շտաբը իշխանություններին մեղադրում է «սադրիչ եւ ապօրինի» քայլերի մեջ


Նախագահության թեկնածու Լեւոն Տեր֊-Պետրոսյանի նախընտրական շտաբը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները «սկսել են դիմել սադրիչ, ապօրինի քայլերի»:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի` հունվարի 27-ին Թալինում կայացած հանրահավաքում իշխանությունների անմիջական մասնակցությամբ կազմակերպվել էր սադրանք: Արդեն հայտնի Ս. Կարապետյանը իր սադրիչ գործողություններով ծեծկռտուք էր հրահրել, ինչից օգտվելով իրավապահ մարմինները Լեւոն Տեր-Պետրոսյանի` Թալինի նախընտրական շտաբի ակտիվին հրավիրում են ոստիկանության բաժին, ըստ էության կաթվածահար անելով նախընտրական շտաբի աշխատանքը»,֊ - ասված է այսօր տարածած հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշված է նաեւ, որ հունվարի 28-ին Կապանի ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով փակել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Կապանի նախընտրական շտաբը` ըստ էության կաթվածահար անելով նախընտրական շտաբի աշխատանքները, իսկ հունվարի լույս 27-ի գիշերը անհայտ անձինք պոկել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական շտաբի ցուցանակը եւ մոտակայքում փակցված գովազդային պաստառը:

Շտաբը հայտնում է, որ երեկ Երեւանի պետավտոտեսչության աշխատակիցները տուգանային հրապարակ են տարել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ավտոերթերին մասնակցած ավտոմեքենաները:

Նախընտրական շտաբը գանգատվել է նաեւ, որ Հանրային հեռուստատեսությունը, «խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում» Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական այցերի վերաբերյալ:

Հայտարարության հեղինակները համոզված են, որ այդ «գործողությունները նպատակ ունեն կասեցնել նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթարշավը եւ նախընտրական իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG