Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը, նշելով, որ «նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, իհարկե, թեկնածուների վարկանիշային վերադասավորումներ կլինեն», միաժամանակ ընդգծում է. - «Սակայն քարոզարշավի համար նախատեսված միամսյակը շատ քիչ ժամանակ է` ընտրազանգվածի` այս կամ այն թեկնածուի նկատմամբ կողմնորոշման մեջ արմատական փոփոխություններ կատարելու համար: Առավել եւս, որ քարոզչական արդյունավետ քայլեր եւ հակաքայլեր կան բոլոր թեկնածուների զինանոցներում: Բոլոր թեկնածուներն էլ միմյանց հիշեցնելու բան ունեն, դե, իսկ թեկնածուի ոտքերի տակ ոչխար մորթելն էլ վաղուց օգտագործված եւ իր դերը կատարած հնարք է: Դա այն հնարքն էր, որն աշխատեց միայն Կարեն Դեմիրճյանի օրոք, որը նույնիսկ հնարք չէր, այլ ժողովրդի կողմից անկեղծ պոռթկում էր»: «Քարոզարշավային հնարքները չեն կարող կտրուկ փոփոխություն մտցնել մարդկանց գիտակցության մեջ: Քաղաքական իմիջը ոչ թե մեկ կամ հինգ ամսում են կայացնում, այլ տարիների ընթացքում` նախորդ ընտրությունների հաջորդ իսկ օրվանից», - գրում է թերթը` շեշտելով. - «ՀՀ նախագահի 9 թեկնածուներից առնվազն 6-ը պնդում են, թե հենց իրենք են հաղթելու: Նման հայտարարություններն, իհարկե, արվում են առաջին հերթին իրենց թիմակիցների համար` հոգեբանական ազդեցություն գործելու նպատակով: Սակայն կան նաեւ թեկնածուներից չկախված հանգամանքներ, որոնք դժվար է շտկել` նույնիսկ ունենալով քարոզելու մեկամսյա հնարավորություն»:

«Ազգ»-ի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով երկրի առաջին դեմքերի վերջին կոշտ հայտարարություններին, գնահատել է. - «Ընտրություններից հետո «զազրախոսներին» պատասխանատվության կանչելու մասին երկրի նախագահի ու վարչապետի գրեթե միաժամանակյա սպառնալիքները չեմ կարծում, որ մրցակից-հակառակորդներին զգաստացնելու համար էին արված սոսկ»: «Կալանավայրի մասին ակնարկը Սերժ Սարգսյանն անշուշտ փոխ էր առել ՀՀ առաջին նախագահից, որն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել էր նաեւ Չարենցավանում եւ, արդեն իսկ ապահովված էր հայտարարել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի տեղը Սովետաշենի կալանավայրում», - փաստել է խմբագիրն ու բխեցրել. - «Առաջին հայացքից տղայական թվացող այս փոխադարձ սպառնալիքները վախենում եմ, որ ունենան ծանր հետեւանքներ, ի վնաս ոչ միայն այս կամ այն կողմի, այլեւ առաջին հերթին՝ պետության»: «Մի երկիր, որտեղ քաղաքական ու ոչ քաղաքական վենդետան արտասովոր երեւույթ չէ բնավ, նման սպառնալիքներն աքլորակռվի դրսեւորումներ չեն ամենեւին: Դրա արյունոտ ապացույցները տեսել եւ զգացել ենք ե՛ւ նախորդ, ե՛ւ այսօրվա իշխանությունների օրոք», - եզրափակել է խմբագրականը:

«Առավոտ»-ի խմբագիրը, իր հերթին, քարոզարշավի ուրվապատկերին անդրադառնալով, փոխանցել է. - «Ճիշտն ասած, թեկնածուների եւ նրանց սատարողների ընտրարշավային ելույթներն աշխատում եմ չլսել` նյարդերս խնայելու եսասիրական մղումով: Միակ մխիթարանքս այն է, որ 20 օր է մնացել. գործիչներն իրար մասին բոլոր փիս-փիս բառերը կասեն, որից հետո կամաց-կամաց կհանդարտվեն»: «Իսկ այն, ինչ լսում եմ, ինձ հիմնականում դուր չի գալիս», - գրել է խմբագիրն ու մասնավորեցրել. - «Օրինակ, իմ սրտով չեն հակառակորդին սատարող օլիգարխներին «բոմժ» դարձնելու կամ պաշտոնյաներին բանտ նետելու սպառնալիքները: Դրանցից բոլշեւիզմի հոտ է գալիս. այդ ամենը մարդկությունը բազմիցս անցել է եւ գիտի, որ «պատժիչ սուրը» որեւէ «հաղթանակած ուժին» հանձնելը ամենեւին էլ չի բերում արդարության հաստատմանը»:

Պատասխանելով հարցին, թե աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանին ի՞նչն է ստիպում «իջնել արվեստագետի իր բարձրությունից եւ հանդես գալ իբրեւ շարքային ընդդիմադիր», «Հայկական ժամանակ»-ի խմբագրականը փաստարկել է. - «Այս մարդու կենսագրությունը մեզ բոլորիս պետք է հասկացնի մի բան. հայրենիքը առանց ազատության հայրենիք չէ, եւ ո՞վ, եթե ոչ Դուրյանը, պետք է զգար, որ ազատության ոչնչացումը որպես արժեք խզում է ստեղծում հայրենիքի եւ նրա քաղաքացու միջեւ, որովհետեւ ինքը գիտի, որ բազմաթիվ դուրյաններ մինչեւ կյանքի վերջը մնալու են ճորտի կարգավիճակում եւ այդպես էլ զրկվելու են հայրենիքի սերը վայելելու հնարավորությունից»: Հիմնավորելով, թե «ինչու մինչեւ կյանքի վերջը բազմաթիվ մտավորականներ այդպես էլ չեն հայտնվում Օհան Դուրյանի կողքին», թերթը գրել է. - «Պատճառը պարզ է՝ նրանք իրականությունը ընկալում են իրենց մասշտաբի չափով։ Սերժին կամ որեւէ պաշտոնյայի բարեւ տալը նրանց համար գագաթնակետ է, օլիգարխներին քծնելն ու հայրուր դոլար մուրալը՝ գնահատության նշան, եթերում երեւալը երեւակայության գագաթնակետ»։ «Նրանց հարկավոր չէ ազատություն, որովհետեւ ազատությունն ընդամենը բացահայտելու է նրանց պուճուր, ահավոր պուճուր էությունը», - որակել-ամփոփել է խմբագրականը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG