Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Մեզ իսկապես պետք է հզոր բանակ»


Ազգային ժողովրդավարական միության նախագահ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի համոզմամբ, Հայաստանին իրոք պետք է հզոր բանակ:

«Այս տարածաշրջանում ապրելով, մենք երբեք Շվեյցարիա չենք լինելու», - լրագրողների հետ հանդիպմանը երեկ ասաց Մանուկյանը: - «Մեզ իսկապես պետք է հզոր բանակ: Առջեւում դեռ 10, 20, 30 տարի կտեւի, մինչեւ այս տարածաշրջանում սկսվեն որոշակի ինտեգրացիոն պրոցեսներ: Այդ ինտեգրացիոն պրոցեսները կբերեն նաեւ մեր անվտանգության ավելի բարձր երաշխիքների»:

«Բայց այժմ», - շարունակեց նա, - «բացի քաղաքական երաշխիքներից, բացի միջազգային ուժերի երաշխիքներից, եթե մենք չունենք հզոր բանակ, մեծ արագությամբ կկորցնենք այն ամենը, ինչ ունենք, կկորցնենք նաեւ Հայաստանը»:

Վազգեն Մանուկյանը եւս կողմնակից է պրոֆեսիոնալ բանակի, «որը իրեն արդարացրեց պատերազմի ժամանակ». - «Դա երկարատեւ պրոցես է: Բանակում ծառայության ժամկետի կրճատումը կապված է դեմոգրաֆիայի հետ. դուք գիտեք, որ մենք սարսափելի դեմոգրաֆիա ունենք: Հայերը այստեղից գնում են, հայերի ծնելիությունը էապես նվազած է: Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ բանակին, դա էլ կապված է քո տնտեսության աճի հետ»:

Այդուհանդերձ, նրա խոսքերով, միայն հզոր բանակ ունենալը բավական չէ. - «Եթե դու լուրջ քաղաքականություն չունենաս, ոչ մի բան էլ չես կարողանա անել»:

«Եվ մյուս ծայրահեղությունը, որ ասվում է` թե մենք բանակ չենք ունենա, մենք ոչ մի ամբիացիաներ այս տարածաշրջանում չենք ունենա, եւ մեզ թույլ կտան հանգիստ ապրել... Ոչ մեկը այս տարածաշրջանում քեզ թույլ չի տա հանգիստ ապրել», - ասաց Վազգեն Մանուկյանը:

Արձագանքելով նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` 10 հազարանոց պրոֆեսիոնալ բանակին անցնելու մասին հայտարարությանը, Վազգեն Մանուկյանը ասաց. - «Բանակը մի անգամ օգտագործվեց նաեւ ընտրությունների ժամանակ: Բացի այն, որ ամեն անգամ ընտրությունների ժամանակ մի քանի անգամ քվեարկում էին, մի անգամ էլ փողոց է դուրս բերվել... Երեւի դրա համար է այդ 10 հազար մարդը պետք»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG