Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ավտոերթ են անցկացնում Երեւանում


Այսօր Եռաբլուր այցելելուց, Վազգեն Սարգսյանի շիրիմին ու Զոհված ազատամարտիկների հուշակոթողին ծաղկեպսակներ դնելուց հետո Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ավտոերթով անցան մայրաքաղաքի փողոցներով:

Միացած շչակներով ու պատուհաններից եռագույն դրոշներ պարզած` Տեր-Պետրոսյանի թիմակիցների ավտոշարասյունը անցավ Հայաստանի կառավարության շենքի, Նախագահի նստավայրի, Սահմանադրական դատարանի շենքի առջեւով, ապա` մեկ ժամից ավելի տեւած ավտոերթից հետո հանգրվանեց թեկնածուի Ավանի նախընտրական շտաբի մոտ:

«Բոլորովին պատահական չէ, որ մեր երթը ավարտվում է Ավանում, որովհետեւ այստեղ իշխանությունները ամենամեծ դժվարությունները փորձեցին հարուցել մեր շտաբները բացելու, մեր օրինական իրավունքը իրականացնելու դեմ», - հավաքվածներին ասաց Տեր-Պետրոսյանը:

Պրոֆեսիոնալ բանակ ունենալու` Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտպանած գաղափարի դեմ շաբաթ օրը հանդես եկավ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը. - «Բանակի հետ կապված հարցերը իմ համար, երեւի, ամենից ցավոտ հարցերն են այն առումով, որ համարում եմ, որ անձնական նաեւ մեծ ներդրում ունեմ Հայկական բանակի կայացման գործում: Ինչ վերաբերվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ առաջարկին, հավատում եմ, որ կանի... Նախագահը պետք է ծառայի ազգային շահերի համար, Հայաստանի Հանրապետության համար, այլ ոչ թե հարեւանների շահերի համար եւ սեփական արժանապատվության հաշվին»:

Տեր-Պետրոսյանը այսօր չկամեցավ պատասխանել լրագրողների հարցերին:

Իսկ նախկին նախագահին սատարող քաղաքական ուժերից «Հանրապետություն» կուսակցության նախագան Արամ Սարգսյանը հարցի կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի միշտ գործել է հակասման սկզբունքով, ցանկացած մարդու հակադարձելով` եթե այդ տեսակետը իր տեսակետի հետ չի համընկել: Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ բանակին, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ մենք պրոֆեսիոնալ բանակին կանդրադառնանք Ղարաբաղի հետ հաշտությունը կնքելուց հետո: Ինչը միանշանակ ճիշտ է, եւ ես կիսում եմ այդ տեսակետը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG