Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահական ընտրություններին կհրավիրվեն 400 միջազգային դիտորդներ


Մարտին Ռուսաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններին կհրավիրվեն 400 միջազգային դիտորդներ` երկու անգամ պակաս, քան 4 տարի առաջ կայացած նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը:

Ռուսաստանցի պաշտոնյաները նախորդ ընտրությունների ժամանակ եվրոպացի դիտորդներին մեղադրում էին կողմնակալության մեջ:

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը հրաժարվել էր դիտորդական առաքելություն իրականացնել 2007 թվականի դեկտեմբերին անցկացված Պետդումայի ընտրություններում, քանի որ Ռուսաստանը կրճատել էր հրավիրվող դիտորդների թիվը եւ ձգձգում էր նրանց երկիր մուտքի այցագրերի տրամադրումը:

2008 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 4 թեկնածուների` փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովին, Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն եւ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անդրեյ Բոգդանովին:

Հանձնաժողովը երեկ հրաժարվել է գրանցել ընդդիմադիր գործիչ, նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի թեկնածությունը` իր որոշումը պատճառաբանելով թեկնածուի առաջադրումը պաշտպանող պաշտոնաթերթիկներում հազարավոր կեղծված ստորագրությունների առկայությամբ:

Կասյանովը «ֆարս» է անվանել առաջիկա ընտրությունները` համոզմունք հայտնելով, թե իր թեկնածության գրանցումը մերժվել է անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG