Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հրապարակել է տվյալներ նախընտրական հիմնադրամներում կուտակված գումարների մասին


Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տվյալներ (հունվարի 18-ի դրությամբ) նախագահական ընտրություններում թեկնածուների նախընտրական հիմնադրամներում կուտակված դրամական միջոցների մասին:

Ամենամեծ գումարը, ըստ ԿԸՀ-ի, կուտակվել է նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախընտրական հիմնադրամում` 20 միլիոն 300 հազար դրամ, որից 10 միլիոնը` Բաղդասարյանի անձնական միջոցներից:

Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածու, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հիմնադրամում հավաքվել է 10 միլիոն դրամ. այդ գումարը Հովհաննիսյանը ամբողջությամբ փոխանցել է սեփական միջոցներից:

Հիմնադրամում կուտակված գումարի չափով երրորդ տեղում Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանն է: Նրա հիմնադրամում հունվարի 18-ին եղել է 8 միլիոն 600 հազար դրամ: Ըստ ԿԸՀ-ի` թեկնածուն իր անձնական միջոցներից գումար չի փոխանցել:

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի նախընտրական հիմնադրամում կուտակվել է 4 միլիոն, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնադրամում` մոտ 1,5 միլիոն, իսկ Ազգայի ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանի նախընտրական հիմնադրամում` ընդամենը 130 հազար դրամ:

Նախագահի մյուս թեկնածուները` Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հունվարի 18-ի դրությամբ իրենց նախընտրական հիմնադրամներում գումար չեն ունեցել:

Մինչեւ հիմա կատարած ծախսերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե այդ մասին տեղեկատվությունը կհրապարակեն առաջիկայում: Շարմազանովը նաեւ հավելեց, որ նախընտրական շտաբը պատրաստվում է ծախսել օրենքի շրջանակներում նախատեսված 70 միլիոն դրամը, որի շուրջ կեսը հատկացվելու է հեռուստաեթերին:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հիմնադրամում լիազորված անձ Մանուշակ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ երեկվա դրությամբ իրենց հիմնադրամին փոխանցված գումարը հասել է 13 միլիոն դրամի, որից 6 միլիոն 200 հազարը արդեն ծախսել են հեռուստաեթեր ստանալու համար:

Արթուր Բաղդասարյանի լիազորված անձը` Վարուժան Բոլորչյանը «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց, որ այսօրվա դրությամբ արդեն ծախսել են 14 միլիոն 298 հազար դրամ, եւ գումարի մեծ մասը հատկացվել է հեռուստաեթերին:

Վահան Հովհաննիսյանի հիմնադրամից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ հունվարի 18-ի հետո նախընտրական հիմնադրամի գումարը հասել է 30 միլիոն դրամի, որից ծախսվել է մոտ 27 միլիոն դրամը:

Նախագահի թեկնածուները, ըստ Ընտրական օրենսգրքի, մինչեւ քարոզչության ավարտը կարող են հիմնադրամներում մինչեւ 70 միլիոն դրամի չափով մուտքագրումներ կատարել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG