Մատչելիության հղումներ

Վլադիմիր Կարապետյան. «Արգենտինայում Հայաստանի որեւէ դիվանագետ շահույթ հետապնդող որեւէ գործարքի չի մասնակցել»


Արգենտինայում Հայաստանի որեւէ դիվանագետ անձնական օգտագործման համար երբեւիցե մեքենա ձեռք չի բերել եւ շահույթ հետապնդող որեւէ գործարքի չի մասնակցել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով գերմանական DPA գործակալության հաղորդագրությունը, համաձայն որի` Բուենոս Այրեսում Հայաստանը ներկայացնող դիվանագետները հայտնվել են ավելի քան 30 երկրների դիվանագետների ցուցակում, որոնց նկատմամբ Արգենտինայի արտգործնախարարությունը քննություն է սկսել ապօրինաբար ավտոմեքենաներ ներկրելու կասկածով, Վլադիմիր Կարապետյանը ասել է. - «Հունվարի 23-ին արգենտինյան «Clarin» թերթում տպագրված եւ այնուհետեւ գերմանական DPA գործակալության տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանն այն մասով, որն առնչվում է Արգենտինայում Հայաստանի դեսպանությանն ու դիվանագիտական կազմին»:

Ըստ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի, Արգենտինայում Հայաստանի դեսպանության հաշվեկշռի վրա կա մեկ Honda Accord մակնիշի ավտոմեքենա, որը 2006 թվականին դեսպանությանն է նվիրաբերել ազգային բարերար Էդուարդո Սեֆերյանը, եւ մեկ Ford Focus մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2007 թվականին. - «Որեւէ այլ տրանսպորտային միջոց ՀՀ դեսպանության հաշվեկշռին չկա»:

Կարապետյանը շեշտել է, որ արգենտինյան հեղինակավոր «La Nacion» թերթը նույն առիթով տպագրած հոդվածում Հայաստանի դեսպանության անունը չի նշում: Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանայի նախաձեռնությամբ ավտոմեքենաների անօրինական ներկրման կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Ազատվել են աշխատանքից Արգենտինայի արտգործնախարարության, մաքսատան մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Վլադիմիր Կարապետյանը նաեւ տեղեկացնում է, որ Հայաստանի դեսպանությունը «Clarin» թերթի խմբագրին ուղղված նամակում պահանջել է հերքել հոդվածում թույլ տրված անճշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG