Մատչելիության հղումներ

Մեհմեթ Ալի Շահինը կոչ է անում լրջորեն քննել Դինքի սպանությանը իրավապահների առնչության մեղադրանքները


Թուրքիայի արդարադատության նախարար Մեհմեթ Ալի Շահինը կոչ է արել լուրջ հետաքննություն իրականացնել այն պնդումների շուրջ, որոնց համաձայն` «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեջ ներգրավված են նաեւ անվտանգության ուժերը:

«Կարծիքներ կան, որ անվտանգության ուժերի որոշ ներկայացուցիչներ կապված են այդ սպանության հետ», - «Սաբահ» թերթին տված հարցազրույցում ասել է Մեհմեթ Ալի Շահինը եւ հավելել. - «Ցանկացած նման մեղադրանք պետք է դիտարկվի որպես տեղեկատվություն եւ լրջորեն հետաքննվի»:

«Ֆրանսպրես» գործակալության հաղորդմամբ, անցած շաբաթ օրը` Դինքի սպանության տարելիցին, հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել` բողոքելով, որ իշխանությունները անտեսում են այն պնդումները, թե սպանությունն իրագործող Օգյուն Սամասթը եւ նրա աջակիցները հովանավորվել են ոստիկանության կողմից:

«Եթե ոստիկանությունն իրոք նման հանցանք է թույլ տվել, ուրեմն պետք է պատժվի», - ասել է Թուրքիայի արդարադատության նախարարը:

Դինքի ընտանիքի փաստաբանները ասում են, որ ոստիկանությունը թաքցրել կամ ոչնչացրել է սպանությունը բացահայտելու համար անհրաժեշտ ապացույցները, այդ թվում` սպանության վայրի մոտ գտնվող բանկի անվտանգության համակարգի կատարած նկարահանումները: Բացի այդ, ըստ փաստաբանների, 2006 թվականին ոստիկանությունը տեղեկություններ է ստացել Դինքի նկատմամբ ծրագրվող մահափորձի մասին: Սպանությունից հետո Սամասթի եւ ոստիկաններից մեկի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունից կարելի է ենթադրել, որ իրավապահը նախապես իմացել է դավադրության մասին:

«Ֆրանսպրես»-ը հիշեցնում է, որ առայժմ անվտանգության ուժերի ընդամենը չորս ներկայացուցիչ է ներգրավվել այս գործում, որոնց, սակայն, բուն սպանության հետ կապ չունեցող, աննշան մեղադրանքներ են առաջադրվել:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG