Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը


«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, փետրվարի 19-ի ընտրություններում նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը այսօր լրագրողներին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը` «Քաղաքացիական շարժում՝ հանուն նոր Հայաստանի» կարգախոսի ներքո:

«Նոր Հայաստան` հիմնված նոր ռազմավարության եւ նոր նպատակների վրա: Միացրեք նոր սկզբի ժամացույցը», - ասաց Արթուր Բաղդասարյանը` խոստանալով. - «Իմ հաղթանակը վերացնելու է երկրում արմատավորված կոռուպցիան, գանձագողությունը, իմ հաղթանակը բերելու է օրենքի հավասարություն, Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի կտրուկ բարձրացում, կենսաթոշակների եւ աշխատավարձերի առնվազն կրկնակի բարձրացում»:

Նախընտրական ծրագրի հիմնական շեշտադրումներից են նաեւ` նոր աշխատատեղերի ստեղծում, հարկերի եւ տուրքերի նվազեցում, անցում աբողջովին պրոֆեսիոնալ բանակի, կոռուպցիայի դեմ իրական պայքար, կենսաթոշակային բարեփոխում՝ կուտակային սկզբունքի վրա, ուսանողական՝ ցածր տոկոսադրույքներով, վարկերի տրամադրում, «Բնակարան յուրաքանչյուր ընտանիքին» ծրագրի իրականացում, բազմազավակության խրախուսում, իսկ վեց եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին՝ անվճար ավտոմեքենա եւ բնակարան:

Հարցին, թե քանի՞ փուլով կանցնի Հայաստանի նախագահի ընտրությունը, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. - «Երկու»:
«Երկու փուլով, եւ մե'նք ենք հաղթելու», - հավելեց Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավար, կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության` թեկնածուներ Վազգեն Մանուկյանին, Վահան Հովհաննիսյանին, Արթուր Բաղդասարյանին եւ Լեւոն Տեր֊Պետրոսյանին միավորվելու կոչի առիթով Բաղդասարյանը ասաց, որ «Ժառանգության» հետ ընթանում են բանակցություններ:

Հանրապետական կուսակցությունից հնչած տեսակետի առիթով, թե` ընդդիմադիրները չեն հաջողել միավորվել, ուրեմն չեն հաղթի, «Օրինաց երկիր»-ի նախագահը ասաց. - «Միավորումներ կան եւ դեռ կլինեն»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG