Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի ԵԽ ԽՎ-ի լիագումար նիստին


Այսօր բացվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որին մասնակցելու համար նախօրեին Ստրասբուրգ է մեկնել Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակության կազմում ընդգրկված են եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, նույն հանձնաժողովի անդամ Վահե Հովհաննիսյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րա?ֆֆի Հովհաննիսյանը:

Այս լիագումար նիստում Հայաստանի վերաբերյալ որեւէ հարց չի քննարկվելու: Օրակարգի հարցերից են Եվրոպայի խորհրդի առջեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաեւ Վեհաժողովի նախագահի ընտրությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Դավիթ Հարությունյանը, հայաստանյան պատվիրակությունը մասնակցելու է բոլոր նիստերին:

Վրաստանի հարցում պատվիրակության դիրքորոշման առնչությամբ Հարությունյանը նշեց. - «Ունենք մեր քննարկումները ներքաղաքական, որոնք, որպես կանոն, տեղի են ունենում Ստրասբուրգում եւ մեծապես կախված են լինում նաեւ ընթացքից: Այսինքն, մենք լսում ենք այլոց ելույթները, այլոց կարծիքները, ձեւավորում ենք մերը: Եվ ընթացքում կորոշենք արդեն` կունենանք միասնակա՞ն դիրքորոշում, թե՞ ոչ»:

Ազգային ժողովի պատվիրակությունը Ստրասբուրգից կվերադառնա հունվարի 26-ին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG