Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 19-ը հունվարի)


Հոգեբան Սամվել Մերթարջյանը «168 ժամ» թերթում այսպես է նկարագրում վարչապետ եւ նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանին. - «Սերժ Սարգսյանին կարելի է դասել բաց լիդերների շարքին, որոնք հետեւողական են, չեն խուսափում դժվար խնդիրներից, աշխատանքի մեջ պարտաճանաչ են, միաժամանակ՝ նաեւ ճկուն, հաշվի են առնում ընթացիկ իրողությունները, սակայն միտված են դեպի ապագան: Նման մարդկանց ձեռքում իշխանությունը երկար ժամանակ է մնում»:

Իսկ «Ժամանակ Երեւան»-֊ը իր խմբագրականում Սերժ Սարգսյանին խորհուրդներ է տալիս. - «Խորհրդարանական ընտրություններն այնպես չէր կարելի անցկացնել, ինչպես անցկացրեցին. ավելի խայտաբղետ Ազգային ժողով էր պետք սարքել, եւ իսկի էլ պարտադիր չէր, որ բոլորի վրա սեփական կնիքը դներ: Պետք էր տարանջատվել Ռոբերտ Քոչարյանից, որովհետեւ դա էր միայն հաղթելու ինչ-֊որ գոնե աղոտ շող ծնում: Պետք էր թույլ չտալ, որ իր եղբայրը պատգամավոր դառնար: Պետք է այնպես աներ, որ երկիրը զգար, որ վարչապետ է փոխվել: Պետք է ողջուներ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի մուտքը ակտիվ քաղաքականություն, այլ ոչ թե բոլորին ի ցույց դներ իր ահն ու սարսափը»:

«Հայք»-֊ը կարծիք է հայտնում. - «Սերժ Սարգսյանի ոչ սեթեւեթանքները, ոչ խոստումները, ոչ էլ նրա՝ Հանրապետական կուսակցության ղեկավար լինելու հանգամանքը ոչինչ չարժեն: Սերժ Սարգսյանը ընդամենը «նախագահ» է աշխատելու Քոչարյանի մոտ: Ուստի՝ ձայն տալով Սերժ Սարգսյանին՝ դուք ձայն եք տալու Ռոբերտ Քոչարյանին, եւ Հայաստանում ոչինչ չի փոխվելու»:

«Հայոց Աշխարհ»-֊ը գրում է. - «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, եւ, առաջին հերթին, հենց նախկին նախագահի, որ նա նույնիսկ տեսական հնարավորություններ չունի հաղթելու ընտրությունների արդյունքում: Դրա համար էլ հենց սկզբից դրվել է մեկ նպատակ. իրավիճակի առավելագույն ապակայունացում: Լավ հայտնի տեխնոլոգիա, որն, ի դեպ, կիրառվել է հհշականների կողմից դեռեւս 80-֊ականների վերջին»:

«Տարեգիր»-֊ը ենթադրություն է անում. - «Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մինչ այժմ չեն կարողացել համաձայնության գալ ապագա վարչապետի հարցի շուրջ: Դա էլ իր հերթին անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան»֊-ի եւ Հանրապետական կուսակցության հարաբերությունների վրա: Որքան էլ Սերժ Սարգսյանը փորձեց «Բարգավաճ Հայաստան»-֊ի խորհրդի ընդլայնված նիստում փափուկ բարձ դնել բարգավաճականների գլխի տակ, խոսքեր չխնայեց նրանց գովաբանելու համար, փաստն այն է, որ Գագիկ Ծառուկյանը փող չի հատկացրել Սերժ Սարգսյանի նախընտրական ծախսերի համար»:

«Չորրորդ իշխանություն»-֊ը փաստում է. - «Ամերիկյան հեղինակավոր կազմակերպությունները հրաժարվել են Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ «էքզիթ֊-փոլ» հարցումներ անցկացնել: Անկախ պաշտոնական մեկնաբանություններից, այս քայլի իրական պատճառները հասկանալի են: Ամերիկացիները հասկացել են, որ Հայաստանում «էքզիթ֊-փոլն» անիմաստ է, որովհետեւ իշխանություններն ամեն ինչ անում են՝ երկրում վախի մթնոլորտ հաստատելու համար, եւ հազիվ թե ընտրողներն ազնիվ պատասխանեն «ո՞ւմ եք ընտրել» հարցին: Պարզ ասած, ամերիկացիները հասկացել են առաջիկա ընտրությունների հիմնական առանձնահատկությունը: Այն է՝ բացարձակապես որեւէ նշանակություն չունի, թե հրապարակային ելույթներում ով ինչ է ասում եւ ով ում օգտին է քարոզչություն իրականացնում: Որովհետեւ կարող է այնպես ստացվել, որ, օրինակ, որեւէ չինովնիկ իր ենթականերին հրահանգի քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, վերջիններս խոստանան անպայման հենց այդպես էլ վարվել, բայց ընտրությունների օրը ե’ւ այդ չինովնիկը, ե’ւ նրա ենթակաները իրարից թաքուն քվեարկեն Լեւոն Տեր֊Պետրոսյանի օգտին»:

«Ազգ»-֊ը անդրադառնում է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության տարեդարձին. - «Թուրքիայում դեռեւս չեն բացահայտվում Հրանտ Դինքի սպանության բուն կազմակերպիչները: Սակայն երկրում ավելի ու ավելի են համախմբվում նրանք, ովքեր մտածում են Դինքի պես: Այսպիսով, օրըստօրե աճում է բռնությունը դատապարտողների թիվը թուրք հասարակության մեջ, ի հակակշիռ պաշտողների: Բռնություն պաշտողները կենդանության օրոք վախենում էին Հրանտ Դինքից, հենց դրա համար էլ թիրախ ընտրեցին: Հիմա արդեն նրանք պետք է վախենան հիշատակից, որովհետեւ բռնություն պաշտողներին սկսել է հետապնդել Դինքի հիշատակը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG