Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Վրաստանը ավելի վճռական քայլերով է գնալու դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն»


Երեկ Միխեիլ Սահակաշվիլին երկրորդ անգամ 5 տարի ժամկետով ստանձնեց Վրաստանի նախագահի լիազորությունները:

«Ես` որպես Վրաստանի նախագահ, Աստծո եւ ժողովրդի առջեւ հայտարարում եմ, որ պաշտպանելու եմ Վրաստանի Սահմանադրությունը, անկախությունը, ամբողջականությունն ու անբաժանելիությունը, աշխատելու եմ երկրիս քաղաքացիների անվտանգության եւ բարօրության, ժողովրդիս եւ Հայրենիքիս հզորության վերականգնման համար», - հայտարարել է Սահակաշվիլին պաշտոնամուտի արարողության ժամանակ:

Զուգահեռաբար` Թբիլիսիի ձիարշավարանի տարածքում հազարավոր ընդդիմադիրներ բողոքի ցույց են անցկացրել: Ընդդիմադիրների պնդմամբ` ցույցին ներկա էր ավելի քան 100 հազար մարդ: Ընդդիմությունը Միխեիլ Սահակաշվիլիին չի համարում օրինական նախագահ:

Պաշտոնամուտի արարողությանը հաջորդած իր առաջին հրապարակային ելույթում նախագահ Սահակաշվիլին ասել է, թե Վրաստանը վերստին բարեկամության ձեռք է մեկնում Ռուսաստանին:

«Ամբողջ տարածաշրջանը ձեւափոխության փուլում է, մենք պարտավոր ենք ձեռք-ձեռքի բռնած՝ միասին գնալ բարեփոխումների ճանապարհով», - հայտարարել է Սահակաշվիլին եւ հավելել, որ Վրաստանի կողմնորոշումը դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն չի հակասում հարեւան երկրներից եւ ոչ մեկի շահերին եւ ուղղված չէ որեւէ երկրի դեմ:

«Մենք բոլորս գիշեր ու զօր աշխատելու ենք հաջորդ նախագահին, հաջորդ սերունդներին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ միավորված Վրաստան փոխանցելու համար: Մենք կկառուցենք Վրաստան, որտեղ չի լինի աղքատություն, մենք բարեկամության ձեռք կմեկնենք մեր բոլոր հարեւաններին եւ ավելի վճռական քայլերով կգնանք դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն», - հավաստիացրել է Միխեիլ Սահակաշվիլին:

Հունվարի 5-ին նախագահական ընտրությունների հետ մեկտեղ տեղի է ունեցել նաեւ պլեբիսցիտ՝ համաժողովրդական հարցում, որի արդյունքների համաձայն` ընտրողների շուրջ 77 տոկոսն արտահայտվել է հօգուտ ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրի:

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, ով Թբիլիսիում մասնակցում էր Սահակաշվիլիի պաշտոնամուտի արարողությանը, մասնավորապես, հայտարարել է. - «Վրաստանում հունվարին տեղի ունեցան ընդհանուր առմամբ ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ, հիմա անհրաժեշտ է, որ առանց թերությունների անցկացվեն նաեւ խորհրդարանական ընտրությունները: Դա դրական ազդեցություն կունենա ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրում: Վրաստանը պետք է կատարի բոլոր ստանձնած պարտավորությունները, սակայն անդամակցության հարցի լուծումը, ի վերջո, վերապահված է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին»:

Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնամուտի արարողությանը ներկա էին տասնյակ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայաստանից հանդիսավոր արարողությանը մասնակցել է արտգործնախարար Վարդան 0սկանյանի գլխավորած պատվիրակությունը:

Այսօր Քութաիսիում տեղի կունենա Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնամուտի արարողության երկրորդ մասը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG