Մատչելիության հղումներ

Միքայել Հարությունյան. «Մենք ենթարկվում ենք Գերագույն գլխավոր հրամանատարին»


Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ուրբաթ օրը, արձագանքելով Հայաստանի առաջին նախագահ, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե ուժային, անվտանգության, հարկային կառույցները «10-20 օր հետո բացարձակապես չեն ենթարկվելու Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին», հայտարարեց. - «Ես ունեմ Գերագույն գլխավոր հրամանատար, որին այսօր ենթարկվում եմ եւ ենթարկվելու եմ»:

«Երբ կլինի նոր Գլխավոր գերագույն հրամանատար, այն ժամանակ կմտածենք», - հավելեց Միքայել Հարությունյանը:

Լրագրողների հետ հանդիպմանը պաշտպանության նախարարը ներկայացրեց պաշտպանության ոլորտի 2007 թվականի արդյունքներն ու այս տարվա հիմնական խնդիրները. - «Որքան էլ փաստենք պատերազմի անհավանակությունը, միեւնույն է, բանակը ապրում է իր կյանքով, տեսական եւ գործնական գիտելիքների, ինչպես նաեւ մարտական, ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածության ձեռքբերումներով»:

Նախարարի հավաստմամբ, եւս մեկ աստիճանով բարձրացել է Հայաստանի Զինված ուժերի մարտունակությունը. - «Հավաստիացնում եմ, որ մեր Զինված ուժերը պատրաստ են դիմակայել ցանկացած ոտնձգության ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հանդեպ»:

Միքայել Հարությունյանը հավելեց նաեւ, որ նախատեսվում է «Պաշտպանության մասին» նոր օրենքի ընդունումը:

Պաշտպանության նախարարությունը նաեւ բանակցություններ է վարում Հայաստանի խաղաղապահ գործունեությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ. - «Նախատեսվում է 2008 թվին Կոսովոյում կրկնապատկել հայ խաղաղապահների թիվը` զորախմբի թվաքանակը դասակի մակարդակից հասցնելով վաշտի մակարդակի»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG