Մատչելիության հղումներ

Մինչեւ ընտրությունները նոր անձնագրերի տպագրության համար նախատեսված գումարները չեն ծախսվելու


Հայաստանի ոստիկանությունն այսօր հայտնել է, որ մինչեւ նախագահական ընտրությունները նոր անձնագրերի տպագրության համար նախատեսված գումարները չեն ծախսվելու:

Այդ նպատակով 2008 թվականի բյուջեում նախատեսված գումարներից «ոչ մի դրամ չի ծախսվելու այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում»,֊ - ասված է ոստիկանության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:

Այս շաբաթ հրավիրած մամուլի ասուլիսում «Օրինաց երկիր»-ի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը պնդել էր, թե 2008 թվականի բյուջեով մեծ գումարներ են նախատեսվել Հայաստանի քաղաքացիների նոր անձնագրերի տպագրության համար, եւ կասկած էր հայտնել, թե դա կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ:

2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ որոշ ընդդիմադիր ուժեր պնդում էին, թե մեծ քանակությամբ նոր անձնագրեր են տպագրվել ընտրությունները կեղծելու նպատակով:

«Ժամանակին հիմնավոր ու փաստարկված հերքել ենք, այսպես կոչված, «Կեղծ անձնագիր-2007» «օպերացիայի» ոչ միայն գոյությունը, այլեւ իրականացնելու հնարավորությունն անգամ, եւ մեր ընդդիմախոսներն այդ հարցում որեւէ խելամիտ հակափաստարկ բերել չեն կարողացել», -֊ ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG